ԵՊՀ իրավագիտության Ֆակուլտետի 4-րդ կուրսի մի խումբ ուսանողներ, ովքեր մասնագիտացման մի քանի ոլորտներ են ընտրել՝ անվճար իրավաբանական օգնություն կտան քաղաքացիներին։
Նրանք հասարակական կազմակերպություն են հիմնադրել՝ «Ալիբի», որի շրջանակներում էլ կիրականացնեն իրենց գործունեությունը։
ՀԿ նախագահ Ալբերտ Արզումանյանը Իրավաբան.net–ի հետ զրույցում նշում է, որ անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելը կարիերայի մեկնարկի լավագույն ձևն է։
«Այն միջոց է մեզ համար՝ մի կողմից օգտակար լինելու մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը, մյուս կողմից՝ զարգանալու, ինքնակրթվելու, բացահայտելու ինքներս մեզ և ընդհանրապես հաճույք ստանալու այն մասնագիտությունից, որն ընտրել ենք»,-ասաց երիտասարդ իրավաբանը:
Նա նաև նշում է, որ տարածված է այն կարծիքը, թե հայ հասարակության իրավագիտակցության մակարդակը բավականին ցածր է, ինչը որոշակիորեն ճիշտ է․ «Կարծում ենք, պատճառը ոչ այնքան իրավունքի նկատմամբ մերժողական վերաբերմունքն է, այլ անվստահությունը համակարգի նկատմամբ»,-պարզաբանեց Ա․Արզումանյանը:
Նրա խոսքով թե՛ մասնավոր, թե՛ հանրային իրավահարաբերություններում մարդիկ տարբեր խախտումներ թույլ են տալիս իրենց իրավունքների չիմացության կամ դրանց կիրառման հետևանքով։
Քաղաքացիները իրավաբաններին իրավաբանական օնություն ստանալու համար կարող են դիմել քաղաքացիական, վարչական գործերով, իսկ քրեական գործերով կարող են դեռևս միայն խորհրդատվություն տրամադրել: