Իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ տոնական և նախատոնական օրերին կտրուկ ակտիվանում է արտաքին տնտեսական գործունեության իրականացող տնտեսվարողների գործունեությունը, ընդլայնվում է ներմուծման և արտահանման ծավալներն ու հաճախականությունը, ֆիզիկական անձինք ավելի հաճախ են հատում մաքսային սահմանը։ Այս մասին ասյօր՝ կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Անհրաժեշտ է ապահովել տոնական և նախատոնական օրերին արտահանմամբ և ներմուծմամբ զբաղվող գործարարներին և քաղաքացիներին մաքսային մարմնի, ինչպես նաև առևտրային բանկերի կողմից համապատասխան ծառայությունների մատուցումը, այդ թվում մաքսային սահմանով տեղափոխող ապրանքների մաքսային ձևակերպումները ժամանակին, առանց ընդհատումների և պատշաճ մակարդակով կազմակերպումը»,-նշեց վարչապետը։
ՊԵԿ նախագահին հանձնարարվեց և Կենտրոնական բանկի նախագահին առաջարկվեց դեկտեմբերի 2-ից սկսած, մինչև հունվար ամսվա տոնական օրերի ավարտը, տնտեսվարողների մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապովեհլու նպատակով շաբաթ կիրակի և տոնական օրերին բոլոր մաքսակետերում, ինչպես նաև առևտրային բանկերում սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն՝ նախապես հաստատված աշխատանքային գրաֆիկին համապատասխան։
Ճշտման համար Կարապետյանը ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանին. հարցրեց «Ընդունելի՞ առաջարկ է»։ Ի պատասխան, նա ասաց, որ կքննարկեն, քանի որ ոչ բոլոր բանկերը կհամաձայնեն այդ ռեժիմով աշխատել, ուստի պետք է ըստ անհրաժեշտության կիրառվի այդ հերթապահությունը: