Մերկասառույցի պատճառով մեքենան գլորվել է ձորը

Նոյեմբերի 26-ին, ժամը 13:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, «Վանակատ» հյուրանոցի մոտակայքում, ավտոմեքենա է ընկել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 25-րդ կմ-ին Mercedes C մակնիշի 35 CT 229 պետհամարանիշով (վարորդ՝ 1992 թ. ծնված Մ. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մերկասառույցի պատճառով գլորվել ձորը (մոտ 90 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Մ.Ս.-ը և ուղևոր՝ 1991 թ. ծնված Հ. Խ.-ը տեղի ուժերով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել