Ամուսինը իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնելու կնոջ հղիության ընթացքում

Ամուսնությունը դադարում է ամուսիններից մեկի մահվան կամ նրան դատարանի կողմից մահացած ճանաչելու հետևանքով։ Այս մասին սահմանում է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 13-րդ հոդվածը:

Ամուսնությունը կարող է դադարել ամուսնալուծության միջոցով՝ ամուսինների կամ ամուսիններից մեկի դիմումի հիման վրա, ինչպես նաև դատարանի կողմից անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալի դիմումի հիման վրա։

Ամուսինը, առանց կնոջ համաձայնության, իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնելու կնոջ հղիության ընթացքում:

Ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև դատական կարգով:

Ամուսինների միջև ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում նրանց ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում:

Ամուսիններից մեկի դիմումի հիման վրա ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում, եթե մյուս ամուսինը՝

ա) դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող.

բ) դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ.

գ) դատապարտվել է ազատազրկման` երեք տարուց ոչ պակաս ժամկետով:

Ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե՝

ա) բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը.

բ) ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում կատարելուց.

գ) ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով:

Ամուսիններից մեկի դիմումով ամուսնալուծության գործեր քննելիս դատարանը իրավունք ունի միջոցներ ձեռնարկելու ամուսիններին հաշտեցնելու համար և իրավունք ունի գործի քննությունը հետաձգելու՝ հաշտվելու համար ամուսիններին տրամադրելով մինչև երեքամսյա ժամկետ: Դատարանն իրավունք ունի նաև կողմերին առաջարկելու ամուսնալուծության, ինչպես նաև ամուսնալուծվելիս ամուսինների միջև ծագող վեճերով գործը լուծել հաշտարարության միջոցով` պարզաբանելով վերջինիս էությունը, ինչպես նաև քայլեր ձեռնարկելու ամուսիններին հաշտեցնելու համար:

Այս դեպքում ամուսնալուծությունը կատարվում է, եթե ամուսինները (նրանցից մեկը) պնդում են ամուսնալուծվելու համար:

Ամուսնալուծության համար ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում դատարանը լուծում է ամուսնությունը ամուսինների կողմից ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից ոչ ուշ՝ մեկամսյա ժամկետում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել