Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հրամանը է ստորագրել բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգի և պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների կառավարման արդյունավետության գնահատման ցուցանիշները սահմանելու մասին:
Բժշկական կազմակերպություններում պետական պատվերի տեղադրման նախապայմաններն են.
1) բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակներն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված լիցենզիայի առկայությունը,
2) նախատեսված բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներին ու պայմաններին համապատասխանությունը,
3) հայտը ներկայացնելու պահին տեխնիկական պայմանների առկայությունը
4) պետական պատվերի տեղադրման հայտը ներկայացնելու նախորդ տարվա ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով հաշվեկշռային շահույթի առկայությունը,
5) հիվանդանոցային, բացառությամբ մանկաբարձական, տուբերկուլոզային, հոգեբուժական և նարկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գծով հայտատու կազմակերպության ընդհանուր հասույթում վճարովի ծառայությունների առնվազն 30% մասնաբաժին,
6) պետական պատվերի հայտը ներկայացնելու պահին «Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգին (www.armed.am) միանալու և դրանով ծառայությունների մատուցման բաժանորդային» գործող պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) առկայություն՝ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ի և հայտատու բժշկական կազմակերպության միջև:,
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում գործող բժշկական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն են ներկայացնում դիմում առողջապահության նախարարության կողմից հաստատված` սոցիալական փաթեթի շահառուների՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթում ընդգրկված ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու նպատակով:
Պետական պատվերի տեղադրման բարդ ընթացակարգը, անկախ հայտատու բժշկական կազմակերպության ենթակայությունից և սեփականության ձևից, կիրառվում է հետևյալ դեպքերում.
1) հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների համար (ներառյալ իրենց կազմում ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ ունեցող բժշկական կենտրոնները` արտահիվանդանոցային և հիվանդանոցային ծառայությունների մասով),
2) մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների համար,
3) հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ իրականացնող բժշկական կազմակերպությունների համար,
4) առաջին անգամ, այդ թվում` բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների գծով, պետական պատվերի հավակնող բժշկական կազմակերպությունների համար:
Հայտը ներկայացնելու (այսուհետ` Ընթացիկ) տարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջետային ծրագրերի շրջանակներում 200 մլն ՀՀ դրամը գերազանցող ծավալով ծառայություններ մատուցած կազմակերպությունները մինչև ընթացիկ տարվան հաջորդող տարվա օգոստոսի 31-ը ներկայացնում են նաև անկախ աուդիտորի կողմից հաստատված ընթացիկ տարվա ֆինանսական հաշվետվություններ և աուդիտորական եզրակացություն, որը սահմանված կարգով Հանձնաժողովին չներկայացնելու դեպքում կասեցնում է պետության կողմից անվճար և արտոնյալ պայմաններով ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում պատվիրատուի կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարման պարտականությունը՝ մինչև սույն կետի պահանջների կատարումը: Հայտատուների անկախ աուդիտ իրականացնող անձի ընտրության չափանիշները սահմանվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրով: