Տուրիստական գործակալության հետ պայմանագիր կնքելիս խորհուրդ ենք տալիս ճշտել արտասահմանյան պետությունում բնակվելու հետ կապված բոլոր մանրամասները: Վերցրեք տվյալ երկրում տուրիստական ներկայացուցչության հասցեն եւ հեռախոսահամարը: Այն պարտավոր է աջակցել Ձեզ հանգստի ժամանակ հատկապես այն հարցերում, որոնք կապված են ժամանման, տեղավորման, ծառայությունների եւ սննդի մակարդակի հետ:
Այս մասին հայտնում է ԱԳՆ պաշտոնական կայքը:
Խորհուրդ ենք տալիս հնարավորինս տեղեկանալ այն պետության մասին, ուր մեկնում եք. կլիմայական պայմանները, օրենքները, սովորույթները, հասարակական եւ այլ վայրերում վարքագծի առանձնահատկությունները:
Անցանկալի իրավիճակներից խուսափելու համար Հայաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում.
- ցուցաբերել ընկերասիրություն տեղաբնակների նկատմամբ, հաշվի նստել նրանց ապրելակերպի հետ
- համբերատար լինել, չկոպտել, ձայնը չբարձրացնել, տեղաբնակների արժանապատվությունը չոտնահարել
- հարգել տեղական ավանդույթներն ու սովորույթները, տվյալ երկրի ղեկավարների հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ չտալ
- հասարակական վայրերում անփույթ վիճակով չերեւալ:
Ուղեւորություն պլանավորելու ժամանակ հաշվի առեք, որ մի շարք երկրներում կան այնպիսի շրջաններ, որտեղ օտար քաղաքացիների մուտքը սահմանափակ է կամ արգելվում է:
Ասիական, աֆրիկյան, լատինո-ամերիկյան երկրներում անհրաժեշտ է սանիտարա-հիգիենիկ նախազգուշական միջոցներ ձեռնարկել:
Հասարակական վայրերում փորձեք չօգտագործել`
- չեռացրած ջուր, թարմ քամած հյութեր
- թարմ բանջարեղենային կամ մրգային աղցաններ
- չլվացած մրգեր
- պաղպաղակ
- հրուշակեղեն` մրգային միջուկով
- սննդի համար նախատեսված սառույց:
Ցանկալի է ատամները լվանալ գործարանում շշալցված ջրով:
Պետք է նաեւ ուղեւորվող երկրին համապատասխան հագուստ վերցնել: Օրինակ` մահմեդական շատ երկրներում կանանց արգելվում է բաց հագուստ կրել:
Ինչ վերաբերում է ծխելուն, ապա մի շարք եվրոպական երկրներում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում եւ Կանադայում հասարակական վայրերում ծխելն արգելվում է: Իսկ օրինակ Սինգապուրում մեծ տուգանք է հասնում յուրաքանչյուր իրի` դրա համար չնախատեսված վայրում նետելու համար:
Եթե դեղորայք եք օգտագործում, նախօրոք տեղեկացեք, արդյոք տվյալ երկրում կարելի է դրանք ձեռք բերել:
Բարեկամներին, ընկերներին տեղյակ պահեք Ձեր ուղեւորության, բնակության վայրի մասին, թողեք կոնտակտային հեռախոսահամարներ: Անհրաժեշտ է ունենալ տվյալ երկրում ՀՀ դեսպանատան եւ մոտակա հյուպատոսական հիմնարկի հեռախոսահամարները:
Օդանավակայանում
Չմոռանաք լրացնել մաքսային հայտարարագիրը: Պահեք հանձնած բեռների համար տրված կտրոնները: Խնդիրներ առաջանալու դեպքում դիմեք տուրիստական գործակալության ներկայացուցչին կամ օդանավակայանի աշխատակցին: Տոմսը, անձնագիրը, գումարը եւ թանկարժեք իրերը պահեք Ձեզ մոտ: Ձեռքի ուղեբեռում չի թույլատրվում տեղափոխել ծակող, կտրող առարկաներ, հեղուկ, ինչպես նաեւ երեխայի խաղալիքներ կամ ձեւով զենքի նման այլ առարկաներ:
Հյուրանոցում
Հյուրանոց ժամանելիս առանձնահատուկ ուշադրություն դարձրեք ապրելու ներքին կանոններին եւ հակահրդեհային անվտանգության կանոններին: Մտապահեք ելք ու մուտքերի, վերելակների, աստիճանների տեղերը: Ձեզ հետ վերցրեք հյուրանոցի այցեքարտը եւ պարզեք, թե անկանխատեսելի իրավիճակների դեպքում ինչպես կարելի է կապվել Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի, համապատասխան մարմինների հետ:
Ինչպես վարվել անկանխատեսելի իրավիճակներում
Անկանխատեսելի իրավիճակների ի հայտ գալու դեպքում այդ մասին տեղեկացրեք ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսություն:
Եթե դարձել եք անօրինական գործողությունների զոհ, ապա համառորեն պնդեք, որ Ձեզ տրվի մոտակա հայկական հյուպատոսության հետ կապվելու հնարավորություն:
Պետք չէ ոչինչ ստորագրել (օտար լեզվով արձանագրություններ կամ այլ փաստաթղթեր) առանց հյուպատոսության ներկայացուցչի:
Ոտքով քայլելու դեպքում խորհուրդ է տրվում դուրս գալ երկուսով կամ խմբով` ընտրելով լուսավոր եւ մարդաշատ վայրեր, ունենալ քաղաքի քարտեզը: Չարժե կանգնել խանութների ցուցափեղկերի դիմաց եւ զրույցներ տանել անառողջ մարդկանց, թափառականների հետ: Ավտոբուսի կամ տաքսու սպասեք լուսավորված կանգառներում:
Կտրականապես հրաժարվեք անծանոթ մարդկանց կողմից առաջարկվող ալկոհոլային, զովացուցիչ ըմպելիքներից, ծխախոտից, նրանց կողմից հյուրասիրությունների առաջակություններից:
Ինչպես վարվել հասարակական վայրերում
Նախազգուշական միջոցներ ձեռնարկեք տուրիստական խոշոր կենտրոններում եւ հետեւեք անձնական իրերին: Գումարը պահեք տարբեր գրպաններում:
Փաստաթղթերի, տոմսի, բանկային քարտի գողության դեպքում դիմում գրեք ոստիկանությանը, հետո ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսություն:
Առեւտրային կենտրոններում տհաճ պատահարներից խուսափելու համար ուշադիր եղեք, ընտրված ապրանքը դրեք դրա համար նախատեսված զամբյուղի մեջ, իսկ դրամարկղային կտրոնները պահեք մինչեւ Ձեր ապրելավայր հասնելը: Եթե Ձեզ մեղադրում են չվճարված ապրանք դուրս տանելու մեջ, ապա կապվեք ՀՀ հյուպատոսության կամ դեսպանատան հետ եւ տեղեկացրեք տեղի ունեցածի մասին:
Ճամփորդություն ավտոտրանսպորտով
Արտասահման մեկնող քաղաքացիների հետ տեղի ունեցող դժբախտ պատահարների մեծ մասը կապված է ավտոտրանսպորտի օգտագործման հետ:
Ավտոմեքենայով երթեւեկելիս մի մոռացեք վերցնել քարտեզ: Հիշեք Ձեր մեքենայի համարանիշը: Նույնիսկ կարճ ժամանակահատվածով մեքենայից դուրս գալու դեպքում փակեք դռները: Միայնակ քաղաքից դուրս մի եկեք, խմբով դուրս գալու դեպքում ավելի ապահով կլինեք:
Եթե վարձով մեքենա եք վերցրել, ուշադիր ստուգեք բոլոր փաստաթղթերի, հատկապես ապահովագրության ձեւակերպումը:
Սահմանն անցնելիս մի ընդունեք պատահական մարդկանց խնդրանքը` ինչ-որ իր մեքենայով անցկացնելու:
Ինչպես վարվել երկրաշարժի եւ տարերային աղետների ժամանակ
Երկրաշարժը համարվում է ամենակործանարար տարերային աղետներից մեկը: Երկրաշարժի ամենավտանգավոր շրջաններն են`
- Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ծովեզրը,
- Ճապոնիայի արեւելյան ափերը,
- Խաղաղ օվկիանոսի կենտրոնական հատվածը
- Հիմալայների հարավային եզրաշերտը
- Կարիբյան շրջանի երկրները
- Նոր Զելանդիան
- Հունաստանը, Թուրքիան, Իտալիան, Միջերկրական ծովը եւ Կենտրոնական Ատլանտիկան:
Եթե երեխաների հետ եք, ապա երկրաշարժի ժամանակ նրանց տարեք ապահով վայր` ներսի դռների մոտ կամ սենյակի ներքին անկյուններ: Հեռու մնացեք պատուհաններից, արտաքին պատերից եւ բարձր կահույքից:
Երկրաշարժի ժամանակ շենքից դուրս մի եկեք, սպասեք մինչեւ երկրաշարժն ավարտվի, հետո կարող եք արդեն դուրս գալ: Ոչ մի դեպքում շենքից դուրս գալու համար վերելակից չօգտվեք:
Եթե շենքը բարձրահարկ եւ սեյսմակայուն չէ, ապա հարկավոր է շատ ուշադիր եւ արագ դուրս գալ եւ վազել դեպի ապահով վայր:
Էլեկտրահաղորդակցման լարերին չպետք է մոտենալ:
Եթե ավտոմեքենայի մեջ եք հայտնվել երկրաշարժի ժամանակ, ապա կանգնեք բարձր շինություններից հնարավորինս հեռու եւ ոչ մի բան մի ձեռնարկեք մինչեւ երկրաշարժի ավարտը:
Երկրաշարժից հետո փորձեք վարվել հետեւյալ կերպ.
Եթե երկրաշարժը տեղի է ունեցել գիշերը, ապա խորհուրդ է տրվում էլետրական լապտերի բացակայության դեպքում մինչեւ լուցկի կամ կրակայրիչ օգտագործելը, համոզվել, որ գազի, բենզինի կամ այլ բռնկվող նյութի հոտ չկա:
Հնարավորության դեպքում Ձեր, Ձեր մտերիմների, ծանոթների մասին անհապաղ տեղեկացրեք ՀՀ դեսպանատուն կամ հյուպատոսություն:
Արտասահմանում գտնվելիս անհրաժեշտ է տարրական զգոնություն, խելամիտ զգուշություն ցուցաբերել եւ կանոնակարգել սեփական վարքագիծը շրջակա միջավայրին համապատասխան: