Կանայք կատարում են աշխարհի աշխատանքի մոտ երկու երրորդը և արտադրում են աշխարհի սննդի կեսը, սակայն վաստակում են աշխարհի եկամտի ընդամենը 10 տոկոսը և տիրապետում են աշխարհի գույքի ընդամենը 1 տոկոսին:
Հայաստանում տնտեսության բոլոր բնագավառներում կանանց և տղամարդկանց գործունեության հավասար իրավունքներն ամրագրված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Սակայն այսօր կանանց ֆինանսատնտեսական գործունեությունը հիմնականում սահմանափակվում է մանրածախ առևտրով և փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, մասնավորապես սպասարկման ոլորտում:
Հաճախ նաև ընտանեկան և մասնագիտական պարտականությունները համատեղելու անհնարինությունը զրկում է կանանց անհրաժեշտ աշխատանքային ստաժից, ինչը հետագայում բացասաբար է անդրադառնում նրանց կենսաթոշակի չափի վրա:
Անհրաժեշտ է նշել, որ կանանց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը միայն տնտեսական խնդիր չէ, այլև առնչվում է կանանց գործունեությունը քաղաքական դաշտում մեծացնելու հնարավորությունների հետ:
«Նշենք որ, եթե երկրի խորհրդարանում կանայք կազմում են 20%-ից պակաս, ապա դա դժվարացնում է սոցիալական ուղղվածություն ունեցող օրենքների ընդունումը, միևնույն ժամանակ միջազգային փորձը ցույց է տալիս, որ առանց ժամանակավոր արտակարգ միջոցներ գործադրելու (գենդերային քվոտաներ) դժվար է կանանց և տղամարդկանց քաղաքական հավասար գործունեությունն ապահովել»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է «Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի» իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:
1993 թ-ին Հայաստանը վավերացրեց ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիան:
Համաձայն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի իշխանությունները պարտավորվեցին ձեռնարկել գործնական քայլեր` պետական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցությունն ապահովելու համար:
Աղբյուրը` Իրավաբան.net