Գլխավոր դատախազությունում քննարկվել է քրեական գործերի կառավարման թվային համակարգի ներդրման գործընթացը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հանրային հատվածի արդիականացման ծրագրի առաքելության պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակում ՀՀ դատախազության հետ համագործակցությանն առնչվող խնդիրները: Այս մասին հայտնում են  ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

Արթուր Դավթյանը բարձր է գնահատել ՀՀ դատախազության կարողությունների զարգացմանը միտված՝ ՀԲ-ի հետ համատեղ ծրագրերի իրականացումը, որոնք վերջնարդյունքում նպաստելու են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության և մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության որակի բարձրացմանը, ինչպես նաև ռեսուրսների զգալի խնայողության հնարավորություն են ստեղծելու:

Առաքելության ղեկավար Միգարա դե Սիլվան նշել է, որ գործակցության ընդհանուր շրջանակի նկատմամբ առկա է երկկողմ փոխըմբռնման միջավայր, ինչը նպաստում է իրականացվող նախագծերի համատեքստում գործընկերության հենքի վրա փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելուն:

Հիմնական քննարկման առարկա է դարձել ՀԲ «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի» շրջանակում նախատեսված՝ մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի կառավարման թվային համակարգի ներդրման գործընթացը: ՀՀ գլխավոր դատախազը քրեական հետապնդման մարմինների աշխատանքի արդյունավետության առումով բացառիկ է համարել Հայաստանում այդ համակարգի ժամ առաջ գործարկման նշանակությունը: Սակայն անհրաժեշտ է համարել նկատի ունենալ, որ այդ համակարգի տեխնիկական բնութագիրը պետք է համապատասխանի ՀՀ ԱԺ-ում գտնվող քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծին, քանի որ դրա ընդունմամբ քրեական դատավարության ընթացակարգերը ենթարկվելու են զգալի փոփոխությունների, ներդրվելու են նոր կառուցակարգեր:

Կողմերը վստահություն են հայտնել, որ ժամանակացույցին համապատասխան կապահովվի ծրագրի բնականոն իրականացումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել