Նպաստել բնակչության շահերի և իրավունքների ոտնահարման կանխարգելմանը և ապահովել բնակիչների մասնակցությունը ՏԻՄ որոշումների ընդունման գործընթացում, զարգացնել ՏԻՄ-երում թափանցիկ և հաշվետվողական աշխատելաոճը․ ահա այս քայլերն իրականացնելու շուրջ, Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ, այսօր Երևանում մեկնարկած Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում. «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» խորագրով համաժողովի շրջանակներում Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի համայնքների միությունը համագործակցության համաձայնագիր կնքեցին։
Համաձայնագիրը ստորագրեցին Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը և Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը։
Համագործակցության համաձայնագիրը կնքելիս կողմերը հաշվի են առնել Իրավաբանների հայկական ասոցիացիայի դերը իրավապաշտպան և հակակոռուպցիոն ոլորտներում որպես մասնագիտացված կազմակերպության և Հայաստանի համայնքների միության դերը՝ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման գործում։
Այս փաստաթղթով կողմերը պարտավորվեցին իրականացնել
- Միատեղել ջանքերն ու ներուժը Հայաստանում արդյունավետ տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանը, թափանցիկության, հաշվետվողականության և բարեխղճության սկզբունքների տարածմանը,
- Բացահայտել իրավական ակտերի և պրակտիկայի իրականացման թերությունները, այդ թվում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, համատեղ նախաձեռնել և մշակել օրենսդրության ընթացակարգային և համակարգային բարեփոխումներ, հետամուտ լինել դրանց ընդունմանը,
- Քննարկել և մշակել բարեփոխումների ու հանրային քաղաքականությունների ռազմավարություններ, առաջարկներ, հետևել դրանց ընդունման գործընթացին,
- Կազմակերպել համայնքային ծառայողների համար իրավական և մեթոդաբանական, ինչպես նաև հակակոռուպցիոն և բարեխղճության ուսուցումներ,
- Ստեղծել տեղական ինքնակառավարման մարմիններ-քաղաքացիական հասարակության կազմակերպություններ համագործակցության ցանց,
- Իրականացնել մասնակցային մոնիթորինգներ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիններին մատուցվող ծառայությունների որակի գնահատման նկատմամբ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջոցով և այլն։