Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյաննը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ «ՍԱՍ» սուպերմարկետի զբաղեցրած տարածքում կառուցել բազմահարկ ավտոկայանտեղի:
«Հարգելի՛ պարոն Մարգարյան,
մայրաքաղաքի փողոցների բեռնաթափումը տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառի առանցքային խնդիրներից է, և մեքենաների քանակի շարունակական աճի դեպքում պահանջում է հրատապ լուծումներ: Ակնհայտ է, որ ճանապարների գերբեռնվածությունը բնորոշ է մայրաքաղաքի կենտրոնական փողոցներին, որտեղ տեղակայված են ուսումնական և պետական հաստատություններ, առևտրի և սպասարկման օբյեկտներ: Ճանապարհների սահմանափակ լայնությունը նվազեցնում է դրանց թողունակությունը, իսկ փողոցներում մեքենաների կայանումը ավելի է սրում այս խնդիրը: Միևնույն ժամանակ հասկանալի է, որ փողոցներում կայանման արգելքը ևս հնարավոր չէ առանց համապատասխան ավտոկայանատեղիների ստեղծման:
Մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից՝ «շրջանայինը», հագեցած է վերոնշյալ հաստատություններով և բնորոշ է իր մեջ ներառող նեղ փողոցներով, ինչպիսին են Իսահակյանը, Տերյանը, Աբովյանը, Մոսկովյանը և հարակից այլ փողոցները:
Վերը նշվածը հաշվի առնելով՝ գտնում եմ, որ նշված փողոցների հարակից հատվածում բազմահարկ ավտոկայանատեղի կառուցումը և նշված փողոցների երթևեկելի գոտիների ազատումը էապես կբարելավի քաղաքի այս բանուկ հատվածի երթևեկությունը:
Առաջարկում եմ՝ համապատասխան տրանսպորտային հոսքերի հաշվարկի և տարածքի կայանատեղիների բեռնվածության ուսումնասիրության համապատասխան արդյունքի դեպքում, դիտարկել Իսահակյան փող. 35 հասցեով շինության (ՍԱՍ սուպերմարկետի) տարածքի՝ հանրային գերակա շահ ճանաչելու և այդ տարածքում բազմահարկ ավտոկայանատեղի կառուցելու հարցը:
Այդ տարածքը հավասարահեռ է կից բեռնված փողոցներից և տրանսպորտային մեծ հոսքեր ապահովող հաստատություններից, և կարող է ընդգրկել երկայնական կայանման ավտոկայանատեղիների մեծ շառավիղ»: