Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Օլիվիե Դասոյին:
Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում մեծ դեր է վերապահել միջխորհրդարանական համագործակցությանը: Գոհունակությամբ փաստելով, որ երկու բարեկամ պետությունների միջև հարաբերություններն արդյունավետորեն զարգանում են բոլոր ոլորտներում՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ երկկողմ օրակարգի առաջնայնություններից է հայ-ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը՝ այն ակտիվ երկխոսությամբ առանձնացող քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին համահունչ դարձնելու նպատակով:
Նախագահ Սարգսյանը և Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Օլիվիե Դասոն հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամության և միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում կարևորել են Հայաստան-Ֆրանսիա միջխորհրդարանական բարեկամության խմբերի արդյունավետ գործունեությունը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ փոխգործակցությունը:
Ընդգծելով Օլիվիե Դասոյի և նրա ընտանիքի դերակատարությունը Ֆրանսիայի հասարակական-քաղաքական կյանքում՝ Նախագահը հույս է հայտնել, որ նրա այցը Հայաստան իր նպաստը կբերի հայ-ֆրանսիական բարեկամական կապերի առավել սերտացմանն ու զարգացմանը: