Դիլիջանի պետական քոլեջի նախկին տնօրեն Գրետա Թամրազյանին առնչվող քրեական գործն ուղարկվել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան, առաջիկայում այս գործով դատավարության օր կնշանակվի: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական կայքից:
Հիշեցնենք, որ Գրետա Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2006 թ. աշխատելով ՀՀ կրթության և գիտության նախարարության Դիլիջանի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի տնօրեն, հանդիսանալով պաշտոնատար անձ, ղեկավարելով քոլեջի կրթական, գիտական, արտադրական, ֆինանսական գործունեությունը, նույն քոլեջի հաշվապահ Արգինե Թամրազյանից պահաջել և ստացել է 2014թ հունիս ամսվա ուսանողների կրթաթոշակների ստացման ցուցակները և միջին մասնագիտական բաժնի 68 ուսանողների կրթաթոշակների ընդհանուր 323000 և արհեստագործական բաժնի 17 ուսանողների ընդհանուր 79050 դրամ գումարը, որից ընդհամենը երկու ուսանողի տալով կրթաթոշակ՝ ընդհանուր 9500 դրամի չափով, մնացած 392550 ՀՀ դրամը. օգտվելով իր պաշտոնեական դիրքից, չի վճարել որևէ ուսանողի, այդ կերպ յուրացնելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հատկացված զգալի չափերով՝ ընդհանուր 392550 դրամը:
Բացի այդ Գրետա Թամրազյանը չարաշահելով իր դիրքը հիշյալ քոլեջի գանձապահ Վահանուշ Ասատրյանին հանձնարարել է ուսանողների կրթաթոշակների ստացման ցուցակներում Կարեն Բալդրյանի, Գոռ Գաբրիելյանի, Արևհատ Հակոբյանի, Աննա Սարգսյանի անունների դիմաց նրանց կողմից կրթաթոշակ ստացած լինելու փաստը հաստատված լինելու համար դնել կեղծ ստորագրություններ՝ 2014թ սեպտեմբեր ամսից մինչև 2014թ դեկտեմբեր ամիսը Վահանուշ Ասատրյանը կատարելով Գրետա Թամրազյանի ապօրինի հանձնարարությունը հիշյալ ուսանողների անունների դիմաց կրթաթոշակների ստացման ցուցակներում դրել է կեղծ ստորագրություններ, որի արդյունքում հիշյալ ժամանակահատվածում Գրետա Թամրազյանը յուրացրել է 4 ուսաանողների ամսական 4750 դրամ կրթաթոշակը՝ պետությանը պատճառելով զգալի չափերի ընդհանուր 76000 դրամի վնաս: