2017 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն է ներկայացվել «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման» ծրագրից օգտվելու 16 նախնական հայտ՝ 1606.0 մլն դրամ գումարի չափով: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
2017 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ծրագրին մասնակցելու համաձայնություն են տվել հետևյալ բանկերը և վարկային կազմակերպությունները՝
«ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ,
«Ամերիաբանկ» ՓԲԸ,
«Արարատբանկ» ԲԲԸ,
«Արդշինբանկ» ՓԲԸ,
«Արմսվիսբանկ» ՓԲԸ,
«Ինեկոբանկ» ՓԲԸ,
«Կոնվերս բանկ» ՓԲԸ,
«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ,
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ,
«Պրոմեթեյ բանկ» ՓԲԸ,
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ,
«Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ,
«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ,
«Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ:
Պտուղբանջարեղեն և խաղող վերամշակող ընկերություններին առաջարկվում է ծրագրից օգտվելու նպատակով մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը գյուղացիական տնտեսությունների հետ կնքել բերքի գնման պայմանագրեր` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի նիստի N 33 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած պայմանագրի օրինակելի ձևի և աշխատել նշված բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ:
Նախարարությունից հիշեցնում են, որ Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում տարեկան առավելագույնը մինչև 12 տոկոս տրամադրվող անվանական տոկոսադրույքով նպատակային վարկերի մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվելու է, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 3 տոկոս: Տրամադրվող վարկի առավելագույն չափը կազմում է 150.0 մլն դրամ: