Ինչպես կարող եք ինքնուրույն կառավարել Ձեր կուտակային միջոցները

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը կարող է ինքնուրույն կառավարել իր կենսաթոշակային միջոցները՝ պարբերաբար հետևելով  իր կենսաթոշակային հաշվին, ինքնուրույն ընտրելով/փոխելով ֆոնդ և կառավարիչ, դիվերսիֆիկացնելով իր միջոցները տարբեր ֆոնդերում: Այս մասին հայտնում են «Նորք» կենտրոնից։

Անհատական կենսաթոշակային հաշիվը պարբերաբար ստուգելով՝ մասնակիցը կարող է հետևել իր կուտակային հատկացումների ճիշտ և ժամանակին փոխանցմանը, ֆոնդերի եկամտաբերությանը և կառավարիչների կառավարման արդյունավետությանը:

Հետևելով երկու կառավարիչների առաջարկած 6 ֆոնդերի եկամտաբերությանը՝ մասնակիցը կարող է ուղղել իր հատկացումները  ամենաբարձր եկամտաբերություն ունեցող ֆոնդ, կամ ունենալ ներդրումներ միաժամանակ երկու կառավարիչների՝ տարբեր եկամտաբերություն ունեցող ֆոնդերում:

Ինքնուրույն ընտրելով ֆոնդ և կառավարիչ կամ փոխելով արդեն իր համար ընտրված ֆոնդը և կառավարչին՝ մասնակիցը փաստորեն ինքն է որոշում իր կուտակային միջոցների ներդրումային քաղաքականությունը և ռիսկերի ու եկամտաբերության աստիճանը:

Կառավարիչների և նրանց կողմից առաջարկվող ֆոնդերի եկամտաբերության ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությանը  կարելի է ծանոթանալ կառավարիչների կայքերից:

Ֆոնդ և կառավարիչ ընտրելու կամ արդեն ընտրված ֆոնդը/կառավարչին փոխելու համար կուտակային համակարգի մասնակիցը պետք է ներկայացնի դիմում www.epension.am ԻՄ ՀԱՇԻՎԸ համակարգով` եթե ունի նույնականացման քարտ և քարտը կարդացող սարք:

Եթե չունեք քարտ կամ սարք, ապա ֆոնդի ընտրություն կարող եք կատարել  կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորների միջոցով՝ ներկայացնելով անձնագիր և սոցիալական քարտ կամ միայն նույնականացման քարտ:

Իմացի΄ր ավելին՝ զանգահարելով 114 անվճար թեժ գծին կամ գրելով www.epension.am կայքի առցանց խորհրդատուին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել