Կայացել է «Զվարթնոց» օդանավակայան- Երևան N201 երթուղով ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաներ նախարարության լրատվական ծառայությունից:
Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել մեկ՝ «Էլիտ բաս» ՍՊ ընկերությունը:
Մրցութային միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Ճանապարհային ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:
Մրցութային հանձնաժողովն արձանագրել է, որ «Էլիտ բաս» ՍՊԸ-ի ներկայացրած 3 ավտոբուսների տեխնիկական վիճակը համապատասխանում է ուղևորափոխադրում կատարելու համար սահմանված պահանջներին:
«Զվարթնոց» օդանավակայան – Երևան փորձնական երթուղու մեկնարկը տրվել էր դեռևս 2017թ. հունիսին: Մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո երթուղին գործելու է շուրջօրյա՝ ուղևորափոխադրում իրականացնելով յուրաքանչյուր ժամը մեկ:
Երթուղու սկզբնակետը «Զվարթնոց» օդանավակայանն է, որտեղ ավտոբուսների համար հատուկ տարածք է առանձնացված, իսկ վերջնակետը՝ Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանին հարող տարածքը: