Կառավարության հուլիսի 20-ի չզեկուցվող հարցերից մեկը վերաբերում է բժիշկ-սպաների պահանջարկի կարգավորմանը: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի կողմից ներկայացվել է որոշման նախագիծ:
Առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ 2016/2017 ուսումնական տարում ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետի մագիստրատուրան ավարտելու են 18 կուրսանտ, իսկ ՊՆ պատվերով՝ 2 ուսանող: Կառավարության 1994թ. մայիսի 19-ի № 232 որոշմամբ ԵՊԲՀ ավարտած և տվյալ տարվա ընթացքում պետական կրթական համակարգի ինտերնատուրայում կամ oրդինատուրայում չհրամանագրված կամ հրամանագրված և մինչև ուuման ավարտը որևէ հիմքով ինտերնատուրայից կամ oրդինատուրայից հեռացված քաղաքացին ենթակա է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի` հաշվի առնելով uտացած մաuնագիտությունը: Ելնելով վերոգրյալից ՀՀ ԶՈՒ զինծառայողը առանց ինտերնատուրան ավարտելու մասնագետ բժշկի պաշտոնում ինքնուրույն աշխատելու իրավունք չունի:
Առաջարկվող փոփոխության նպատակն է կանոնակարգել ինտերնատուրայի ընդունելությունը և կարգավորել իրավական դաշտը տվյալ բնագավառում:
2017-2018 ուսումնական տարում ՀՀ պաշտպանության նախարարության համար ինտերնատուրա ընդունելության հավելյալ 8 տեղի հատկացման հարցը կլուծվի 09.04.02. «03 Հետբուհական մասնագիտական կրթության գծով նպաստների տրամադրում» ծրագրով նախարարության համար նախատեսված չափաքանակների սահմաններում:
Նախագիծը մշակվել է կրթության և գիտության նախարարության, պաշտպանության նախարարության և ֆինանսների նախարարության հետ համատեղ:
Որոշման ընդունումը նախատեսում է կարգավորել ՀՀ զինված ուժերում առկա բժիշկ-սպաների պահանջարկը և ապահովել ինտերնատուրայում նրանց ուսուցումը շարունակելու հնարավորությունը: