Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում տեղացած հորդառատ անձրևի ժամանակ մայրաքաղաքում արձանագրվել է ջրի կուտակման միայն մեկ դեպք՝ Շենգավիթ վարչական շրջանում: Նշվել է նաև, որ անձրևաջրերի կուտակման պատճառը եղել է առատ տեղումներով պայմանավորված բերվածքներով անձրևընդունիչ ցանցի խցանումը:
Կարճ ժամանակում «Վեոլիա ջուր» ընկերության մասնագետներն իրականացրել են մաքրման աշխատանքները և ապահովել տվյալ ճանապարհահատվածի անխոչընդոտ երթևեկը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել հեղեղատար համակարգի անխափան շահագործումը: Ճանապարհային ոստիկանությանն էլ առաջարկվել է հորդառատ անձրևների ժամանակ կարճ ժամանակով սահմանափակել այն հատվածների երթևեկությունը, որտեղ կառաջանան ջրի կուտակումներ, որպեսզի համապատասխան ծառայություններն արագորեն վերացնեն առաջացած խնդիրը:
«Այս ուղղությամբ աշխատանքներն ավելի կազմակերպված պետք է լինեն: Նման հորդառատ անձրևների ժամանակ տեղեկացրեք Ճանապարհային ոստիկանությանը, որ կարճ ժամանակով՝ 10-15 րոպեով, փակեն տվյալ ճանապարհահատվածը, մինչև համապատասխան ծառայություններն ավարտեն իրենց աշխատանքները՝ քաղաքացիներին զերծ պահելով ավելորդ անհարմարություններից», – ընդգծել է Տարոն Մարգարյանը: