Վերջին 9 տարիների ընթացքում Հայաստանում 138 պաշտոնատար անձի մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու հիմքով

Հայաստանի դատարանները քննել են ու շարունակում են քննել պետական պաշտոնական լիազորություններն անցնելու 195 քրեական գործ։

Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2008թ․-ից հետո Հայաստանի դատարանները քննել են պաշտոնական լիազորություններն անցնելու 42, պաշտոնական կեղծիքի՝ 221, իսկ պաշտոնական անփութության 67 գործ։

ՀՀ քրեական օրենսգրքի պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություններից կաշառք տալու 72 գործ են մուտքագրվել դատարաններ, իսկ կաշառք ստանալու՝ 93 գործ, ընդ որում՝ շորթմամբ կաշառք ստանալու՝ 6, խոշոր չափերով՝ 20, առանձնապես խոշոր չափերով 11 գործեր են քննվել, իսկ դատավորի կողմից կաշառք ստանալու մեկ գործ է առկա դատական տեղեկատվական համակարգում, խոսքը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանի գործի մասին է։

ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու հանցակազմի հիմքով 2008թ․ առ այսօր դատարաններ է մուտքագրվել և քննվել 59 քրեական գործ, որոնց շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 138 պաշտոնատար անձի։

Կաշառք տալու վերաբերյալ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու հանցակազմով 22 քրեական գործ է հարուցվել ու փոխանցվել դատարաններին, պաշտոնատար անձին կաշառք տալու հիմքով՝ 30 գործ։ Այս վերջին կետով 2008թ․-ին դատարանները քննել են 98 պաշտոնատար անձի մասնակցությամբ գործեր։ Պաշտոնատար անձին կաշառք տալու գործերից ամենազանգվածայինը Պարգև Համբարձումյանի և մյուսների դեմ հարուցված քրեական գործն է։, որով ներգրավված է եղել 21 անձ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Պարգև Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնը, այսինքն հանդիսանալով պաշտոնատար անձ 2013թ. հունիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում նախնական համաձայնության գալով դպրոցների տնօրենների հետ, վերջիններիս միջոցով, դպրոցներում աշխատանքի ընդունելու համար, տարբեր քաղաքացիներից որպես կաշառք պահանջել և ստացել են տարբեր չափերի գումարներ, ինչպես նաև 2010-2013 թվականների ընթացքում դպրոցի տնօրենի հետ նախնական համաձայնությամբ դպրոցի դրամական միջոցներից յուրացման եղանակով հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար։ Դատարանը նրանց նկատմամբ կայացրել է մեղադրական դատավճիռ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել