Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, արդարացման դատական ակտ է կայացրել: Այս մասին գրում է փաստաբան Երեմ Սարգսյանը.
«Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մեղադրանքում հռչակեց իմ պաշտպանյալ Արմեն Թորոսյանի անմեղությունը և արդարացրեց նրան:
Հատկանշական է, որ ՀՀ սննդի անվտանգության պետական ծառայության Կենտրոնի տարածքային բաժնի պետ Արմեն Թորոսյանը դեռևս 2016թ. փետրվարի 3-ին ձերբակալվել էր խմբի կազմում կաշառք ստանալու կասկածանքով, որի համար որպես պատիժ էր նախատեսված ազատազրկում 4-10 տարի ժամկետով:
Սակայն կաշառք ստանալու կասկածանքը չհիմնավորվեց և նրան մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
Ամբողջ նախաքննության ընթացքում հիմնավորում էինք, որ այս մեղադրանքը ևս անհիմն է, որ նա ընդհնարապես որևէ հանցավոր արարք չի կատարել, սակայն քրեական գործն, այնուամենայնիվ, այդ մեղադրանքով ուղարկվեց դատարան:
Շուրջ մեկ տարի տևած դատաքննության ընթացքում մանրամասնորեն վեր հանվեցին մեղադրանքը հերքող բոլոր ապացույցները, պետք է նշեմ, որ իրոք մրցակյացին դատավարություն տեղի ունեցավ, դատական վիճաբանությունները և ռեպլիկները տևեցին մի քանի դատական նիստ և ի վերջո դատարանն արդարացրեց Արմեն Թորոսյանին, ընդ որում` հանցագործության դեպքի բացակայության հիմքով, այսինքն` արձանագրեց, որ նրան վերագրվող հանցագործության դեպքն ընդհանրապես տեղի չի ունեցել:
Շնորհակալ եմ դատավոր Արշակ Վարդանյանին իրական մրցակցային դատավարություն ապահովելու և արդար դատական ակտ կայացնելու համար»: