Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի Ապօրինի հարստացումը քրեականացնող իրավանորմը:
2016 թ.-ին, դեռևս 5-րդ գումարման Ազգային ժողովի 131 պատգամավորներից նիստին ներկա 90 պատգամավորներ կողմ էին քվեարկել օրենքի ընդունմանը, դեմ և ձեռնպահ պատգամավորներ չէին եղել:
ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ հակակոռուպցիոն մարմնի գործառույթների շրջանակներում կիրականացվեն, ոչ քրեական վարույթներ, կկատարվեն հետազոտություններ, վերլուծություններ, որոնց արդյունքում կբացահայտվեն ապօրինի հարստացման դեպքեր կամ կասկածներ, ինչից հետո համապատասխան իրավապահ մարմինները քննելու են Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված Ապօրինի հարստացման դեպքերը և կիրառելու են պատասխանատվության միջոցներ:
Տարեսկզբին ՀՀ ԱՆ առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի հետ համատեղ տրված ասուլիսի ժամանակ Քրմոյանը նշել էր, որ օրենքի ընդունումը լրացուցիչ գործիք է իրավապահ մարմինների ձեռքում՝ կոռուպցիայի դեմ պայքարում: Այն հարցին, թե ի՞նչ էին մինչ այս անում իրավապահները, Քրմոյանը նշեց.
«Մինչ այս իրավապահ մարմինները ունեն լուրջ գործիքակազմ. Քրեական օրենսգրքով ամրագրված են բազմաթիվ հոդվածներ՝ կոռուպցիոն հանցագործություններին վերաբերող և այդ հոդվածների շրջանակներում իրավապահ մարմինները իրենց գործառույթ են իրականացնում և բացահայտում են կոռուպցիոն հանցագործություները: Միևնույն ժամանակ, քանի որ ռազմավարությունում ամրագրված է, որ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ոլորտում մենք ունենք խնդիրներ ու բացեր, որոնք մենք պետք է լուծենք, ռազմավարության գործունեության ամբողջ ընթացքում և նաև հիմա, մենք փորձում ենք առաջինը լրացուցիչ գործիքակազմ տրամադրել իրավապահ մարմիններին, մասնավորապես նույն ապօրինի հարստացման հանցակազմը լրացուցիչ գործիքակազմ է, որի միջոցով իրավապահ մարմինները բացահայտելու են կոռուպցիոն բնույթի հանցագործությունները և քննություն են իրականացնելու»:
Սուրեն Քրմոյանը նաև հավելեց, որ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է նաև լրացուցիչ Քրեական և Վարչական օրենսգրքում փոփոխություններ, որով և պատասխանատվություն է կիրառվելու, մասնավորապես հայտարարագրերի ոլորտում իրավախախտումների համար: Բացի այս իրավապահ մարմինների համար մշակվում են նաև մեթոդաբաննություններ՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության, որպեսզի այդ քննության արդյունավետությունը ավելի բարձր լինի:
Մեր այն դիտարկմանը, թե արդյո՞ք մտավախություն չկա, որ ինչպես շատ այլ օրենքների դեպքում, այս պարագայում ևս այն մեծ կիրառություն չի ունենա, փոխնախարարը պատասխանեց, որ քննադատողներ միշտ կլինեն, ովքեր կփորձեն նսեմացնել բարեփոխումների էությունը, բայց այդուհանդերձ աշխատանք է տարվում իրավապահ մարմինների հետ, անցկացվում են քննարկումներ, գիտական հոդվածների հրապարակում, որոնք թույլ կտան համապատասխանաբար կիրառել պատասխանատվության միջոցներ, ճիշտ ձևով, ճիշտ ձևաչափով, օրենքի տառին համապատասխան:
«Մենք արդեն օրենքի ընդունումից հետո ունենք հրապարակաված վերլուծություններ, գիտական հոդվածներ այդ հանցակազմի կիռաման առումով, իհարկե ժամանակ կպահանջվի, որպեսզի ամբողջական էֆեկտիվությունը բարձր լինի այդ հանցակազմի կիրառման, բայց մենք չենք սպասում մինչև օրենքի ուժի մեջ մտնելը և իրավապահ մարմինների աշխատանքին փորձում ենք օժանդակել: Այո՛, այս բարեփոխումն էֆֆեկտիվ կլինի, այո՛, սա լրացուցիչ գործիքակազմ կլինի, այո՛, մենք աշխատանք ունենք անելու իրավապահ մարմինների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, լրացուցիչ գործիքակազմ տրամադրելու, ինչու չէ նաև լրացուցիչ գիտելիքներ և հմտություններ՝ մեթոդաբանության տեսքով, որոնք քննիչները, դատախազները, ոստիկանները կկարողանան ճիշտ ձևով կիրառել այս հանցակազմը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ապօրինի հարստացման քրեականացաման խնդիրը Հայաստանում բարձրացրել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որի գործուն մասնակցությամբ էլ պատրաստվել և հանրային քննարկաման դրվել նախագիծը. շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում էլ կազմվել է օրենսդրական փաթեթը:
Ալիսա Չիլինգարյան