Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը 12 մլն 958 հազար դրամ է տրամադրել մայիսի 9-ի, մայիսի 28-ի և հունիսի 1-ի տոնական միջոցառումների համար։
«ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲԸԾՁԲ-12/3» ծածկագրով հայտարարված բաց ընթացակարգի միջոցով նախարարությունը պայմանագիր է կնքել «Արասո» ՍՊԸ-ի հետ։
Պայմանագրով արդեն իսկ 7,4 մլն դրամ է տրամադրվել Մայիսի 9-ին հաղթանակի և խաղաղության տոնական միջոցառումների կազմակերպման նպատակով։ Այդ գումարի շրջանակներում թվով 10 հազար մասնակիցների համար Հաղթանակի և խաղաղության տոնին` Մայիսի 9-ին նվիրված տոնական միջոցառում է կազմակերպվել Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգում, եղել է տոնական հրավառություն։
Մայիսի 28՝ 1-ին Հանրապետության օրը, տեղի ունեցած միջոցառումների համար տրամադրվել է 3,6 մլն դրամ, այդ գումարով թվով 5000 մասնակիցների համար տոնական միջոցառում է կազմակերպվել «Սարդարապատ» հուշահամալիրում։
Հունիսի 1-ին՝ թվով 600 մասնակիցների համար երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցատման համար ծախսվելու է 1,7 մլն դրամ։
Համեմատության համար նշենք, որ Երևանի քաղաքապետարանը միայն մարտի 8-ի միջոցառումների համար ծախսել է 19 մլն դրամ, իսկ ապրիլի 7-ին՝ կանանց տոնը ծաղիկներով զարդարելու նպատակով՝ 18 մլն դրամ։
Գևորգ Թոսունյան