Իշխանության տեսակետը ներկայացնող զեկուցողի հետ համաձայն եմ միայն մի հարցում, որ անկախ նրանից, թե մենք այդ հանձնաժողովը կլինի, թե՝ ոչ, մենք ԱԺ-ում կլինենք, թե՝ ոչ, պատգամավոր կլինենք, թե՝ ոչ, մենք մարդու իրավունքների համար պայքարելու ենք, պայքարել ենք և շարունակելու ենք պայքարել: ԱԺ նիստի ընթացքում մշտական հանձնաժողովների կրճատման հացի շուրջ նման տեսակետ հայտնեց «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը:
«Ես ուզում եմ հասկանալ, նախագահը ձերն է, ԱԺ նախագահը ձերն է, վարչապետը ձերն է, դատախազությունը ձերն է, ի՞նչ մտավախություն ունեք, ինչն է խանգարում, ինչ է անելու «ԵԼՔ» դաշինքը, որ Մարդու իրավունքների հանձնաժողովը իրենը լինի: Այդ ի՞նչ խնդիր է: Իմ կարծիքով բացարձակ որևէ խնդիր չկա, ու պետք չի այդ 6 ամիս հետո թողնելու, ասելու, որ հիմա արդեն որոշել ենք, այ 6 ամիս հետո կնայենք, տղեք, ձեզ լավ պահեք, 6 ամիս հետո ձեզ կտանք: Խնդիրը մեզ տալունը չի, խնդիրը մեր լինելունը չի, բայց չէ որ ասում ենք, սա նոր խորհրդարան է, որ այս նոր խորհրդարանում նոր հիմքեր ու տրադիցիաներ պետք է դնենք, որ «ախպոր» պես պետք է աշխատենք, այ հանրապետական ախպերներ ջան, ձեր նախագահն էլ էր դա ասում, որ միշտ չի որ մենք ենք ճիշտ, փոքրամասնության կարծիքը լսել է պետք, դա էլ էր ասվում»,-ընգծեց Արամ Սարգսյանը:
Նա նշեց, որ բոլորն էլ լավ են ճանաչում «ԵԼՔ» դաշինքի կազմում եղած իրավաբաններից թե՛ Արտակ Զեյնալյանին, թե՛ Էդմոն Մարուքյանին, որ տարեր շարունակ զբաղվել են այդ հարցերով, թե՛ Նիկոլ Փաշինյանի, որ անընդհատ պտտվում է բանտերով, և դա այն թեման է, որ ՀՀ-ն կշահի, միջազգային հանրության մեջ տեսակետ կփոխի:
ՀՀԿ կուսակցության անդամ Արմեն Աշոտյանը հայտնեց, թե սկզբում ցանկանում էր հանել իր ելույթը, սակայն լսելով Սարգսյանի ելույթը՝ մտափոխվեց:
«Հարցի քննարկման ժամանակ ակնհայտորեն խառնում են երեք հարթություն՝ բովանդակային, ինչպիսի ոլորտներ պետք է արժանանան առանձին հանձնաժողովներ ունենալու պատվին, քաղաքական, ինչպիսի մոտեցումներ ունեն քաղաքական ուժերն այս հարցին և հատկապես մեծամասնությունը, որը ֆիզիկական տեսակետից ունակ է անցկացնել ցանկացած որոշում, սակայն երբեք հարցը չի դնելու ֆիզիկական հարթության մեջ և խնդիրը մանրամասն քննարկման ենթակա է դարձնելու և երրորդ հարթությունը, որի մասին մեր գործընկերները խորշում են խոսել՝ դա անձնական հարթությունն է: Խնդրում եմ խոսքս չդիտարկել որպես պարսավանք կամ քննադատություն, ես շատ նորմալ եմ վերաբերում հատկապես կայացած և լուրջ մարդկանց ամբիցիաներին, որոնք պետք է բավարարվեն միանշանակ, եթե այդ մարդը կարող է և ի զօրու է անցնել այդ ճանապարհը, որը որ նախանշել է»-ելույթի ժամանակ ասաց ՀՀԿ պատգամավորը:
Աշոտյանը նշեց, որ քաղաքական տեսանկյունից կոռեկտ չէ, այն հարցադրումը, որ քաղաքական մեծամասնությունը դեմ է խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պորտֆել տալուն, և ընդգծեց, որ «Ծառուկյան» խմբակցությունն ունենալով ըննդիմություն ունենալու է 3 հանձնաժողովների նախագահ: