Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովին: Այն համատեղ կազմակերպել են պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունները: Համաժողովին հրավիրված են մասնակցելու պաշտպանական և կրթական գերատեսչությունների պատասխանատուներ, հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ, զինղեկեր, գիտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Սերժ Սարգսյանն իր ելույթում նշեց. «Հանրային կառավարման բնագավառում երկար տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում չկա որևէ համակարգային հարց, որը հնարավոր լինի լուծել առանձին վերցրած ոլորտի շրջանակներում:
Արդի հասարակության պայմաններում այդպիսի հարցերը շաղկապված են, ուստի անհրաժեշտ են համալիր հարցադրումներ, մոտեցումներ և լուծումներ:
Պետությունը շարունակելու է գործնական քայլեր ձեռնարկել սպայական մասնագիտությունն ընտրած իր քաղաքացիների նկատմամբ: Ինչպես նաև շարունակելու է Հայրենիքի համար իրենց կյանքը զոհած կամ ծառայության արդյունքում հաշմանդամություն ստացած մեր զինծառայողների և նրանց ընտանիքների հանդեպ հատուկ հոգատարություն ցուցաբերելու իր քաղաքականությունը:
Ի դեպ, ես արդեն հանձնարարել եմ Պաշտպանության նախարարին, որպեսզի անհապաղ գործուն քայլեր ձեռնարկի զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար: Այս խնդիրը վերջնականապես պետք է լուծվի և այս խնդիրը վերջնականապես պետք է լուծվի ամենաուշը մինչև 2019 թվականի ավարտը: Հանձնարարել եմ նաև անհապաղ ուսումնասիրել և լուծում տալ սեփականաշնորհման ենթակա՝ պաշտպանության նախարարության այն բնակարանային ֆոնդի օտարմանը, որը զբաղեցնում են սեփական բնակարանի փոխհատուցման իրավունք ձեռք բերած մեր զինծառայողները»: