Ի՞նչ գույք, դրամական միջոցներ ունեն Երևանի քաղաքապետի թեկնածուները

Երևանի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն երեք թեկնածուներ՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը և «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը։

Երևանի քաղաքապետի ամենահարուստ թեկնածուն հենց գործող քաղաքապետն է՝ Տարոն Մարգարյանը։

2011թ․-ի նրա հայտարարագրից տեղեկանում ենք, որ պարոն Մարգարյանը ունեցել է 115 մլն դրամ, 50 հազար դոլար ու նույնքան եվրո։

Աշխատավարձը տարվա ընթացքում կազմել է 4 մլն դրամ, հաջոդ տարի ավելացել է՝ 700 հազար դրամով, դրամական միջոցները մնացել են նույնը։

2013թ․ նորից ստանձնելով քաղաքապետի պաշտոնը պարոն Մարգարյանը հայտարարագիրը լրացրել է իր շքեղ գույքով։ Այսպես, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարգրի համաձայն՝ քաղաքապետն ուներ 2 բնակարան, մեկ անհատական բնակելի տուն, հողամաս և այգետնակ, 3 ավտոտնակ, հասարակական նշանակության երկու և մեկ արտադրական նշանակության շինություն, բացի այդ ըստ 2013թ․ հայտարարագրի՝ նրան պատկանել են երեք մեքենաներ՝ MERCEDES-BENZ S450, RANGE ROVER super charg և MERCEDES-BENZ G500 մակնիշների։

2014թ․Տարոն Մարգարյանը վաճառել է RANGE ROVER մակնիշի ավտոմեքենան՝ 15 մլն դրամով, ինչպես նաև օտարել է գույք՝ 156 մլն դրամով, ըստ էության սա անշարժ գույք է եղել։

Այսպիսով նրա դրամական միջոցները ավելացել են՝ 115 մլն-ից հասնելով 250 մլն դրամի։

2016թ․քաղաքապետը վաճառել  է նաև MERCEDES-BENZ մակնիշի ավտոմքենան՝ 25 մլն դրամով, սակայն նրա դրամական միջոցները չեն ավելացել։ Այս մեքենան, ըստ էության, նա վաճառել Վոլոդյա Ասլանի Բունիաթյանին։ Խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի կողմից համամասնական ընտրացուցակով մասնակցելիս պարոն Մարգարյանը հայտարարագիր է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ նշելով այդ մասին։ Վոլոդյա Ասլանի Բունիաթյանը գրանցված է Ավանում, նույն բնակարանում է գրանցված նաև նրա որդին՝ Արմեն Բունիաթյանը, նրանց է պատկանում «Հայր և որդի Բունիաթյաններ» ՍՊԸ-ն։

Համաձայն ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի՝ Տարոն Մարգարյանի դրամական միջոցները փետրվարի 27-ի դրությամբ կազմել են 250 մլն դրամ, 45 հազար դոլար ու 50 հազար եվրո։ Պաշտոնատար անձի եկամուտները առաջացել են աշխատավարձից՝ 5,2 մլն դրամ և գույքը օտարելուց։

ԿԸՀ ներկայացրած տեղեկագրում Տարոն Մարգարյանը նշել է, որ 50 տոկոս փայ ունի «Զեթ ընդ Զեթ» ՍՊԸ-ում, հենց այս ընկերության հիմնադիրն է եղել Արմեն Բունիաթյանը, ում մասնակցությունը ներկայումս դադարեցված է։

Նաև տեղեկանում ենք, որ Տարոն Մարգարյանն ունի 5 տեսակ շենք և շինություններ, երկու հողին ամրակցված անշարժ գույք, ինչպես նաև MERCEDES-BENZ S450 մակնիշի ավտոմեքենա։ Տարոն Մարգարյանի կինն ունի 50 մլն դրամ։

Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնել է 2012թ․-ին, հայտարարագրում նշել է, որ ունի HYUNDAI SONATA 1.8 մակնիշի ավտոմեքենա (2011թ․ արտադրության), որը ձեռք է բերել 1,3 մլն դրամով։

2014թ․Նիկոլ Փաշինյանը կատարել է փոխառության գործարք, գումարի չափը՝ 8,3 մլն դրամ։

2016թ․ պարոն Փաշինայնի եկամուտները կազմել են 6,4 մլն դրամ, սա պատգամավորի պաշտոնին ստացած տարեկան աշխատավարձն է։ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի 2500 դոլար։ Թեկնածուի կինն ունի 1000 դոլար։

Զարուհի Փոստանջյանը 2012թ․ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է բնակարան և ավտոտնակ։

Մինչև 2016թ․նա հայտարարագրել է միայն 5,5 մլն դրամ եկամուտ՝ աշխատավարձից։ Դրամական միջոցներ կամ գույք չի ունեցել։

Ամուսինն ունի 35 հազար դոլար։

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել