Սույն թվականի մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը հայտարարել էր. «Հակակոռուպցիոն կենտրոնը Հանրապետության 12 քաղաքներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ սույն թվականի մարտի 13-ից 24-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ընտրակաշառքի բաժանման կամ խոստման 45 դեպք: (…) Կաշառք են բաժանել կամ խոստում են տվել հանրապետականներն ու «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները: Գրանցվել են նաև ճնշումների, սպառնալիքների 9 դեպք»:
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ 20.01.2017թ-ից. ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը մարտի 29-ի դրությամբ ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի 207 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակել են 45-ը: Նշված 45 հրապարակումները ուղարկվել են ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններ` դրանցով ստուգողական գործողություններ կատարելու նպատակով, որի արդյունքում 45 հրապարակումներից 40-ով դրանցում նշված հանգամանքները հերքվել են կամ չեն հաստատվել, իսկ մյուսներով ստուգողական գործողությունները շարունակվում են: Նշված 45 հրապարակումներից 37-ը վերաբերել են առերևույթ ընտրակաշառք տալուն, 8-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն:
Աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված և իրավապահ մարմինների կողմից համապատասխան գնահատականի արժանացած դեպքերի և Վ. Հոկտանյանի կողմից հրապարակված դեպքերի համադրման, դրանց վերաբերյալ ստուգողական գործողություններ կատարված չլինելու դեպքում այդպիսիք նախաձեռնելու և համապատասխան գնահատականի արժանացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը նամակով դիմել է Վ. Հոկտանյանին՝ վերջինիս կողմից հրապարակված դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ գլխավոր դատախազություն փոխանցելու առաջարկով:
ՀՀ գլխավոր դատախազություն
Իրավաբան.net