Այսօր Նոր նորքի 4-րդ զանգվածի մարզադպրոցում միջադեպ էեղել դպրոցի աշխատակիցների եւ «Ելք» դաշինքի ներկայացուցիչների միջեւ: «Ելք» դաշինքի ներկայացուցիչները մոտեցել են մարզադպրոցին, որի ներսում եղել է «Ծառուկյան» դաշինքից առաջադրված թեկնածուի քարոզչական պաստառը: Միևնույն ժամանակ դպրոցի աշխատակիցները արգելել են մուտքը «Ելք»-ի անդամներին:
Տեղի ունեցածի վերաբերյալ ֆեյսբուքում քիչ առաջ գրառում է կատարել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը.
«Հարկ եմ համարում ընդգծել հետեւյալը.
- Այսօրվա միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Աբովյանում (որոշ լրատվամիջոցներ սկզբում գրել էին, թե Աբովյանում է եղել-խմբ.), այլ Երեւանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի սպորտդպրոցում:
- Միջադեպը ծագել է այն ժամանակ, երբ մենք դպրոցի հարակից ավտոկանգառից բարձրախոսով քարոզչություն էինք իրականացնում հարակից շենքերի ուղղությամբ եւ սպորտդպրոցի շենքից ինչ-որ մարդիկ անընդհատ ասում էին, որ այստեղ քարոզչություն անել չի կարելի:
- Մենք մոտեցանք դպրոցի մուտքին եւ արձանագրեցինք, որ հենց դպրոցի ներսում, նախասրահում ԱԺ պատգամավորի թեկնածուի քարոզչական պաստառ է տեղադրված, ինչը դպրոցի աշխատակիցները փորձում էին թաքցնել, իսկ մեր թիմի ներկայացուցիչները փորձում են ֆիքսել եւ արձանագրել: Մնացածը տեսանյութում արձանագրված է»: