«Էյր Արմենիա»-ն 1,5 միլիարդի վնաս է պատճառել պետությանը

Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում նախապատրաստված նյութերով հարկերից խուսափելու դեպքերի քննության ընթացքում բացահայտվել է պետական տուրքի առանձնապես խոշոր չափի յուրացման փորձ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից։

Իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ Սամվել Սինանյանի տեղեկացմամբ՝ հետաքննության ընթացքում պարզվել է, որ ավիափոխադրումներ իրականացրած «Էյր Արմենիա» ՓԲ ընկերությունը 2014-2016թթ. ընթացքում գանձել է ավիատոմսի արժեքի մեջ մտնող ֆիզիկական անձանց ելքի համար պետական բյուջե վճարման ենթակա պետտուրքի գումարները, սակայն, խախ­տելով ՀՀ կառավարության որոշման պահանջները, 3 բանկային օրվա ընթացքում դրանք չի վճարել պետական բյուջե, այլ յուրացրել է` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 683 միլիոն 723 հազար ՀՀ դրամի վնաս, որը տույժերով կազմել է 1 միլիարդ 486 միլիոն ՀՀ դրամ:

Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՊԵԿ քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:

ՊԵԿ-ից նաև հայտնում, են, որ պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում 2015-ի համեմատ՝ 2016 թվականի ընթացքում և 2017-ի հունվար-փետրվար ամիսներին զգալի աճել է իրավախախտումների վերաբերյալ ՊԵԿ տարբեր ստորաբաժանումներից ստացված փաստաթղթաշրջանառության ծավալը:

«Եթե 2015 թվականին ստացվել է 1080 փաստաթուղթ, ապա 2016-ին՝ արդեն շուրջ 2000»,-տեղեկացրել է ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ Սամվել Սինանյանը:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել