Ժամանակն է իրավաբանական հասկացութային ապարատից վերացնել «ստորադաս և վերադաս» եզրույթները․ Արթուր Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամաբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ընթերցում էի ՀՀ դատական օրենսգրքի նախագիծը և մի շարք հոդվածներում կրկին հանդիպեցի «վերադաս դատարան» կամ «ստորադաս դատարան» եզրույթներին։ Մշտապես կարծել եմ, որ խոսքը, որպես մտքի արտահայտման ձև, ունի վարքաբանական մեծ նշանակություն և ազդեցություն։ Մեծ հաշվով` ինչպես մտածում ենք, այնպես էլ գործում ենք։ Լեզվաբանական առումով ստորադաս նշանակում է` ենթակայության մեջ գտնվող, ստորադիր: 2. Ըստ կոչման՝ պաշտոնի՝ հասարակական դիրքի ևն ցածր: Ցածր, ստորին, ներքևի (Աղայան Է. Արդի հայերենի բացատրական բառարան «Հայաստան» Հրատ., Եր., 1976։ Հ. 2, Էջ 1332): Արդյոք առաջին ատյանի դատարանի դատավորը ստորադաս է (ենթակա է) ՀՀ վերաքննիչ կամ ՀՀ վճռաբեկ դատարաններին, արդյոք ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորը ստորադաս է (ենթակա է) ՀՀ վճռաբեկ դատարանին։ Կարծում եմ` հարցի պատասխանը պարզ է` ոչ։

Հարգելի իրավաբաններ, ժամանակն է իրավաբանական հասկացութային ապարատից, մեր մտքից, իրավական տեքստերից վերացնել վարչաիրավական հարաբերություններին ներհատուկ, սակայն դատական համակարգին օտար` «ստորադաս և վերադաս» եզրույթները, այն փոխարինելով` ըստ դատական ատյանների անվանումների (թող մի քիչ էլ օրենքի նախադասությունը երկար լինի)։ Դատական համակարգի աստիճանակարգությունը չպետք է շփոթել ստորադասության հետ։ Մեր դատական համակարգում առաջին ատյանի դատարանի դատարավորը չպետք է մտածի և գործի այնպես, որ ինքը ստորադաս է (ենթակա է) ՀՀ վերաքննիչ կամ ՀՀ վճռաբեկ դատարաններին, ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորը չպետք է մտածի և գործի այնպես, որ ինքը ստորադաս է (ենթակա է) ՀՀ վճռաբեկ դատարանին։ Կրկին նշեմ, որ մեր երկրում դատավորի անկախությունը շարունակում է հանդիսանալ ոչ այնքան իրավական, որքան լեզվա–հոգեբանական խնդիր»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել