ԱԺ նիստի ընթացքում այսօր Հայկական վերածնունդ կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարց ուղղեց «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մասին:
«Ողջ համացանցը գրում է, որ նա առողջական վատ վիճակում է գտնվում: Ի՞նչ հանցագործություն է արել, որ նա մինչև այսօր ձերբակալված է»:
Գալուստ Սահակյանը նրան պատասխանեց. «Մենք էլ ենք մտածում այդ մասին, մենք էլ ենք մտածում այդ խնդիրը այնպես լինի, որ այդ տղան դրսում լինի»:
Նիստի ընթացքում Ելք դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով հայտնեց, որ առավոյան Նիկոլ Փաշինյանի հետ միասին ՔԿՀ են այցելել:
«Նրա կյանքը փրկելու միակ միջոցը խափանման միջոցը փոխելն է, ինչի համար էլ միջնորդություն ենք ներկայացրել՝ անձնական երաշխավորմամբ: Եթե մեր գործընկերներ պատգամավորները կցանկանալ մեզ միանալ, կարող ենք միասին միջնորդությունը ներկայացնել գլխավոր դատախազին»,-նշեց պատգամավորը:
Նրան միանգամից արձագանքեց Տիգրան Ուրիխանյանը՝ հաստատելով իր մասնակցությունը:
Հայտարարությանը մեկնաբանեց նաև Հեղինե Բիշարյանը. «Միանշանակ մեր խմբակցությունը կմիանա ստորագրահավաքին: Մեր բոլորի աչքի առաջ է եղել այդ քայլն ու առհասարական կհորդորեի ոչ միայն խափանման միջոցը փոխել, այլ առհասարակ դնել նրա ազատ արձակման հարցը: Մարդը միայն հաց է տարել և ոչ մի կապ չի ունեցել Սասնա ծռերի գործողությունների հետ»:
Նշենք որ Արթուր Սարգսյանն արդեն 17 օր է հացադուլի մեջ է:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մեղադրվում է «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ: Նա ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու պատճառով: Սակայն փետրվարի 9-ին կրկին կալանավորվել էր: