Այսօր կառավարության նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարություններ տվեց գործադիրի անդամներին: Նա նշեց, որ այս հանձնարարականները որոշակիորեն կապված են հենց Ռուսաստանի Դաշնություն իր պաշտոնական այցի հետ:
Այսպես, առաջին խումբ հանձնարարականներն ուղղված էին տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին: Առաջին հանձնարարականի համաձայն ՌԴ համապատասխան գերատեսչության հետ ներդրումային հիմնադրամի ստեղծման աշխատանքների հետ կապված պետք է ամենամսյա հաշվետվություններ մշակվեն և ներկայացվեն:
Երկրորդ հարցը վերաբերում է Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծմանը, որի մեկնարկի մասին անցյալ հինգշաբթի օրն է հայտարարվել, ըստ Ս. Կարայանի, պետք է կատարվեն համապատասխան աշխատանքներ ռուսաստանյան ներդրումները խթանելու համար:
Հանձնարարվեց նաև Երևանի քաղաքապետարանին, նախարարություններին և համապատասխան այլ մարմինների` համատեղ քննարկել 2017թ. ընթացքում օտարերկրյա ներդրումային միջավայրի բարելավման գործողությունները` հատկապես ուշադրություն դարձնելով Համաշխարհային բանկի համապատասխան զեկույցի վրա, մշակել անհրաժեշտ տեղեկատվության վերաբերյալ առաջարկություններ` նպատակ ունենալով էապես բարելավել ու պարզեցնել վարչարարական ներկա ընթացակարգը և մինչև փետրվարի վերջը առաջարկություններ ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ:
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարվեց 15-օրյա ժամկետում ներկայացնել հաշվետվություն այն մասին, թե գյուղատնտեսական տեխնիկա արտադրող ինչ ընկերություններ կան, որոնցիցի հնարավոր է գնել տեխնիկա լիզինգային ծրագրով:
Նախարարը հայտնեց, որ արդեն իսկ մի ընկերությունների հետ հանդիպումներ նշանակված են: Ի պատասխան Կարեն Կարապետյանն ասաց. «Ինտենսիվ, կպած աշխատում ենք»:
Գյուղնախարարին ուղղված մյուս հանձնարարականը վերաբերում էր ապացրող թնդանոթների ձեռքբերմանն ու կարկտի հետևանքով վնասների մինիմալիզացմանը:
Վարչապետը հանձնարարականեր տվեց նաև ՌԴ քաղաքացիների՝ ՀՀ տարածք մուտքի, ելքի, գտնվելու և տեղաշարժվելու մատչելիության ապահովման վերաբերյալ: Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին հանձնարարեց ապահովել հարցի տեխնիկական կողմը, իսկ զբոսաշրջության վարչության պետին՝ ՌԴ քաղաքացիների համար պատրաստել զբոսաշրջության լայն փաթեթ և մինչև մարտի 15-ը ներկայացնել հաշվետվություն: Համաձայն դրա, ՌԴ քաղաքացիները հնարավորություն կունենան ՀՀ տարածք մտնել ՌԴ ներքին անձնագրերով: