Խայտառակ նախագիծ է. Գագիկ Ջհանգիրյանը՝ քննիչի լիազորություններն ընդլայնելու նախագծի մասին

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծն այսօր խորհրդանում քննարկման դրվեց երկրորդ և ամբողջությամբ ընդունելու համար:

Այս նախագծում մի կետ դուր չի գալիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին: Նա խորհրդարանում ասաց. «Մենք այսօր քննիչին իրավունք ենք տալիս բողոքարկել հսկողություն իրականացնող դատախազի որոշումը, քննիչին սարքում ենք շահագրգիռ կողմ, մի դեպքում նա հանդես է գալիս ի պաշտպանություն մեղադրյալի այդ բողոքով, մյուս դեպքում՝ ի պաշտպանություն մեղադրանքի, հետևաբար նա դառնալու է բացարկվող անձ: Մենք 15-20 տարի մի քաղաքականություն արել ենք, աստիճանաբար հասել ենք մի հանգրվանի, որտեղ պետք է հաջորդ քայլն անենք, որ փորձենք քննիչի ինքնուրույնությունը ապահովել, մենք հիմա մի թեթև հարվածով քար ենք գլորում այդ անիվի տակ»,- ընդգծում է պատգամավորը, նա չի հասկանում, թե ինչու է նախագիծը ճանաչվել անհետաձգելի. «Ես վստահ եմ, որ կառավարության նիստում, այս խնդիրը, այս կտրվածքով չի ներկայացվել: Չի ներկայացվել, որ սա խանգարում է հետաքննությանը, սա ոտնձգություն է, սա ներկայացվել է, որ սա քննիչի ինքնուրույնությունը մեծացնում է, ո՛չ, քննիչին սարքում է մի կողմին մասնակից, սա ամբողջ կոնցեպցիայի հերն անիծում է, եթե կուզեք: Անընդունելի եմ համարում, խայտառակ փոփոխություն եմ համարում, քննիչն իրավունք ունի բողոքարկել դատախազի ցուցումները, բայց վերահսկող դատախազի Սահմանադրական լիազորությունները, մեղադրանքի որոշում, մեղադրական եզրակացություն, նա իրավունք չպետք է ունենա բողոքարկել, այդ խնդիրները պետք է դատախազական հսկողության տակ լինեն: Խայտառակ նախագիծ է»,- զայրացած հայտարարեց Գագիկ Ջհանգիրյանը խորհրդարանում:

Արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը հայտնեց, որ պատգամավորի կողմից բարձրացված հարցը քննարկվել է բոլոր կողմերի հետ ու նախագիծը նման նպատակ չունի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել