«Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` եվրոպական տարածաշրջանի երկրներում ընթացիկ տարվա նոյեմբերին գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը համապատասխանում է տվյալ ժամանակահատվածի օրինաչափ ընթացքին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը: Հայտնում են առողջապահության նախարարությունից:
Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` մեր հանրապետությունում այսօր շրջանառում են գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակը և սուր շնչառական վարակների հարուցիչներ` ռինովիրուսներ, ադենովիրուսներ: Նշենք, որ Եվրոպական տարածաշրջանի երկրներում ևս հիմնականում շրջանառում են գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակի հարուցիչները: Տարածաշրջանի երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում դիտվում է նմանատիպ իրավիճակ:
Արտավազդ Վանյանի խոսքով՝ գրիպի վիրուսի այլ ենթատեսակներ Հայաստանում այս պահին չեն գրանցվել: Նա նշել է, որ վերջին 10 օրվա ընթացքում ոչ կտրուկ, բայց հիվանդացության ակտիվացում է նկատվում, ինչի մասին վկայում են գրիպի և սուր շնչառական վարակների ուղղությամբ իրականացված օրական մշտադիտարկման արդյունքները: Նա հավելել է, որ ներկայումս գրիպի բռնկում կամ համաճարակ չկա: Հիվանդության առավել մեծ թվով դեպքեր արձանագրվել են երեխաների շրջանում, ինչը պայմանավորված է աշնանային արձակուրդներից հետո ուսումնական գործընթացի վերսկսումով և հիվանդության օդակաթիլային փոխանցմամբ:
Սուր շնչառական վարակների և գրիպի կանխարգելման ուղղությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից, մինչև սուր շնչառական վարակների սեզոնի սկսումը, կազմակերպվել և իրականացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային համալիր միջոցառումներ:
Հիմք ընդունելով վերը նշվածը` գրիպից ու դրա բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս.
– անհապաղ դիմել բժշկական օգնության: Տարեց անձինք, ովքեր տառապում են խրոնիկ հիվանդություններով, հղիները և երեխաները, հատկապես՝ մանկահասակ, հիվանդության առաջին իսկ նշանների դեպքում պետք է դիմեն բժշկի, քանի որ հետգրիպային բարդություններ կարող են լինել գրիպի ցանկացած տեսակի և ենթատեսակի դեպքում,
- չզբաղվել ինքնաբուժմամբ՝ օգտագործելով հակաբիոտիկներ,
- անհրաժեշտ է հաճախակի օդափոխել փակ տարածքները` հետևելով անձնական հիգիենային,
- եթե առկա են գրիպանման երևույթներ, ապա անհրաժեշտ է սահմանափակել շփումներն այլ անձանց հետ, մնալ տանը և հետևել բժշկի խորհուրդներին,
- հագնվել եղանակին համահունչ, պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ: