Պետական մի քանի հիմնարկի գործունեությունը դադարեցվեց

Այսօր կառավարության նիստին գործադիրի անդամները հավանություն տվեցին մի քանի պետական հիմնարկի գործունեության դադարեցման որոշմանը։

Այսպես,  քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանը կներկայացրեց որոշման նախագիծ, որում նշվում է. «Դադարեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը»:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց «էկոնոմիկա հանդես» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին որոշման նախագիծը։

Նշվում է, որ «Էկոնոմիկա հանդես» ՓԲԸ-ի հիմնական գործառույթը առցանց տարբերակով  (armef.com կայքի միջոցով) տնտեսական, գիտական և վերլուծական հրապարակումներ թողարկելն է: Կայքը ներկայացնում է ՀՀ կառավարության՝ տնտեսությանն առնչվող որոշումները, օրենսդրական նախաձեռնությունները, հաստատած ծրագրերը, ռազմավարությունները, մեկնաբանում է դրանց բովանդակությունը, ինչպես նաև կայքը հանրությանը տրամադրում է տեղեկատվություն միջազգային կառույցների վերլուծությունների, համաշխարհային տնտեսության վերաբերյալ և մեկնաբանում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների վարկանիշային վերլուծությունները: «Էկոնոմիկա հանդես» ՓԲԸ-ն գործառույթները իրականացնում է 12 հաստիքային միավորների միջոցով: Պետական բյուջեից յուրաքանչյուր տարի տրամադրվում է 99 մլն 312 հազար դրամ (2016թ.) սուբսիդիա: Աշխատավարձը կազմում է սուբսիդիայի գումարի 46.5%-ը, իսկ այլ ծախսերը՝ 53.5%-ը:

«էկոնոմիկա հանդես» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերը կնվազեն, իսկ եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանա:

Ֆինանսների նախարարի կողմից ներկայացվեց նաև ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման հարցը։

Ֆինանսների նախարարին հանձնարարվեց 15-օրյա ժամկետում ստեղծել ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման հանձնաժողով և ապահովել լուծարման գործընթացը:

Միևնույն ժամանակ կստեղծվի  ֆինանսների նախարարության աշխատակազմի «Գների ուսումնասիրության և վերլուծության» գործակալություն:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել