«Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյան, լսելով տուժողի՝ 22-ամյա Լևոն Սահակյանի մահվան մասին, ծանր հոգեվիճակի մեջ է գտնվել ու ինքնասպանության փորձ է կատարել: Այս տեղեկատվությունը փոխանցեց Վահանի իրավունքների պաշտպան, փաստաբան Մարինե Ֆարմանյանը:
Նա մասնավորապես ասաց. «Երբ տուժողի սպանության մասին լուրը լսեց, շատ վատ հոգեվիճակում հայտնվեց, դրանից հետո քննչական գործողության ավարտից հետո, երբ տեղափոխվում էր ձերբակալվածների պահման վայր՝ կամ ճանապարհին, կամ էլ ՁՊՎ-ում երկաթե ամրակ է կուլ տվել: Ինքը չմանրամասնեց, թե քանի հատ, ասաց, որ չի ուզում խոսել այդ թեմայով, ես էլ հորդորեցի, որ այլևս նման բան չանի, կարծում եմ՝ մեկ կամ երկու հատ է կուլ տվել»,- նշեց փաստաբանը:
Նրա խոսքերով՝ դեպքից հետո հաջորդ օրն առավոտյան նրան բժշկական օգնություն են ցույց տվել, ինքնազգացողությունը լավ է եղել:
Նշենք նաև, որ Շամշյան. քոմ կայքում հոկտեմբերի 23-ին հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ Վահան Ղազարյանը տեսախցիկի առջև ցուցմունք է տալիս և ասում, որ պաշտպանվելու համար է հարվածել երիտասարդին:
Փաստաբանից նախ փորձեցինք ինքնապաշտպանության վարկածի մասով ճշտում անել, տիկին Ֆարմանյանն ասաց. «Իրականում վիճաբանություն է եղել ու վիճաբանության արդյունքում է այդ դեպքը տեղի ունեցել: Նա դիտավորությամբ որևէ մեկին կյանքից խլելու նպատակ չի ունեցել: Ըստ էության՝ ինքնապաշտպանություն է, սակայն հիմա չէի ուզի մեղադրանքի ծավալի մասին խոսել, թող տուժողի հետ կապված արարողություններն անցնի, կոռեկտ չի, այնտեղ սուգ է»:
Ինչ վերաբերում է որևէ լրատվամիջոցի կողմից նախաքննական ցուցմունք, ըստ էության՝ նախաքննական գաղտնիք հրապարակելը, ապա այս հարցը քննարկվել է փաստաբանների պալատում. «Ես վատ եմ վերաբերում նման հանգամանքներին, մենք նույնպես փաստաբաններով այդ հարցը քննարկել ենք, որ նախաքննության ընթացքում նախաքննական գաղտնիք հրապարակելը օրենքի կոպիտ խախտում է»,- ընդգծեց մեր զրուցակիցը: