Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքում տեղի է ունեցել ավտովթար՝ «ԲՄՎ» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ, որի պատճառով վիճաբանություն է առաջացել նշված երկու ավտոմեքենաների վարորդների միջեւ։ Նախնական տվյալներով՝ վիճաբանությունը վերածվել է խմբակային խուլիգանության, որի որոշ մասնակիցների մոտ եղել է նաեւ զենք, այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
Ահազանգի հիման վրա՝ դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Շիրակի մարզային քննչական վարչության պետի պաշտոնակատար Սահակ Մկրտչյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակի 4 հատ չկրակված փամփուշտ։ Միջադեպի մասնակիցներից մեկը, դիմելով փախուստի, հարեւանությամբ գործող մանկապարտեզի բակ է նետել ՏՏ տեսակի ատրճանակ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները եւ մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ։