Կառավարության այսօրվա նիստի ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտնել է, որ վարչապետի հանձնարարությամբ պատրաստել են տվյալներ, թե Եվրոպական դատարանի Հայաստանի դեմ ընդունած որոշումների հիմքով որքան գումար է պետական բյուջեից հատկացվել գանգատաբեր կողմին:
Այսպիսով, 2014 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի դեմ ընդունել է 4 վճիռ, որոնցով ընդհանուր առմամբ 166 հազար եվրոյի հատուցում է վճարվել, 2015-ին՝ 8 վճիռ, որոնց հիմքով 86 հազար եվրո է հատուցվել, և 2016-ին դարձյալ 8 վճիռ՝ 83 հազար եվրո է հատուցվել:
Վարչապետի այն հարցին, թե ինչն է ՀՀ-ի դեմ կայացված վճիռների պատճառը, Դավիթ Հարությունյանը պատասխանել է. «Պատճառները, կարծում եմ, պարզ են, պարոն վարչապետ, մեր դատական համակարգում առկա սխալներն են: Բոլոր երկրներում էլ լինում են սխալներ դատական համակարգերում: Բայց երկրի դատական համակարգերում երբ սպառվում են սխալը շտկելու հնարավորությունները, մարդիկ դիմում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան»: