Մարդկային վարքագծի մոտիվացիայի հասկացությունը

Մեկ հանցագործի դատապարտել են մահապատժի, սակայն նա չէր տեղավորվում էլեկտրական աթոռի մեջ: Որոշեցին զրկել ուտելիքից մեկ շաբաթ, որպեսզի հանցագործը նիհարի և տեղավորվի նրանում: Մեկ շաբաթից նա անգամ մեկ կիլոգրամ չէր նիհարել: Սպասեցին ևս մեկ շաբաթ: Այս անգամ նույնպես հանցագործն ընդհանրապես չէր նիհարել անգամ մեկ կիլոգրամ: Եվս մեկ շաբաթ՝ նույն արդյունքը: Հանցագործին ուղղված այն հարցին, թե ինչու նա չի նիհարում, հանցագործը պատասխանեց՝
«Չկա մոտիվացիա…»
Մարդկային վարքագծի մոտիվացիայի և դրդապատճառների հիմնախնդիրը հոգեբանության հանգուցային հիմնախնդիրներից է: Վարքագծի դրդապատճառներն ու նպատակները հանդես են գալիս որպես հոգեկան արտացոլման ընդհանրական ձևեր: Որտեղից են ի հայտ գալիս վարքագծի դրդապատճառներն ու նպատակները, ինչ են դրանք իրենցից ներկայացնում: Այս հարցերի պատասխանները անչափ կարևոր են մարդկային վարքագծի իմաստն ու պատճառները բացահայտելու համար:
Ներկայումս թե հոգեբանության մեջ, թե կրիմինոլոգիայում գերիշխող է այն տեսակետը, որ մարդկային վարքագծի սուբյեկտիվ պատճառը մոտիվացիան է: Հենց մոտիվացիան է այն ներքին, սուբյեկտիվ ուժը, որը կանխորոշում է մարդու վարքագիծը: Բայց ինչ է իրենից ներկայացնում մոտիվացիան: Այս հարցի շուրջ ո´չ հոգեբանության մեջ, ո´չ էլ կրիմինոլոգիայում միասնական կարծիք չկա:
Ըստ Ս. Լ. Ռուբինշտեյնի, մոտիվացիան հոգեկանի միջոցով իրականացվող դետերմինացիա է: Պարզ ասած, մոտիվացիան հոգեկանի միջոցով օբյեկտիվ իրականության արտացոլման արդյունքում ձևավորված մարդկային վարքագծի սուբյեկտիվ պատճառն է:
Հոգեֆիզիոլոգ Պ. Վ. Սիմոնովը մոտիվացիան համարում է կենտրոնական նյարդային համակարգի կառուցվածքահամակարգային գրգռում, որը դրդում է մարդուն պահանջմունքների բավարարմանն ուղղված արարքներ կատարել:
Կրիմինոլոգ Ն. Ֆ. Կուզնեցովան մոտիվացիան համարում է դրդապատճառների համակարգ (հազվադեպ մեկ դրդապատճառ), որը հանդես է գալիս որպես մարդու վարքագծի պատճառ:
Վ. Ա. Իվանկովը մոտիվացիա ասելով հասկանում է յուրահատուկ հոգեկան գործընթաց, որն իր մեջ ընդգրկում է դրդապատճառի գնահատումը, նպատակադրումը, նպատակներին հասնելու միջոցների ընտրությունը, գործողությունների պլանավորումը, հետևանքների գնահատումը, հաջողության հասնելու հավանականության գնահատումը, սեփական հնարավորությունների և ֆունկցիոնալ վիճակի հաշվառումը:
Չնայած մոտիվացիայի վերաբերյալ առկա տեսակետների բազմազանությանը, դրանք ունեն նաև ընդհանրություններ, որոնք հանգում են հետևյալին`
1) մոտիվացիան մարդկային վարքագծի սուբյեկտիվ պատճառն է,
2) մոտիվացիան մարդու և արտաքին միջավայրի փոխներգործության արդյունքում ձևավորվող հոգեկան երևույթ է,
3) մոտիվացիան չի նույնանում դրդապատճառի (շարժառիթի) հետ, չնայած վերջինս մոտիվացիայի միջուկն է:
Դրդապատճառը բնորոշվում է որպես արարքի կատարմանը մղող ուժ: Կարելի է ենթադրել, թե հենց դրդապատճառի ծագումն է հանդիսանում մարդկային վարքագծի սկիզբ: Բայց դրդապատճառը իդեալական երևույթ է: Մատերիալիզմի տեսանկյունից այն չի կարող համարվել արարքի սկիզբ: Դրդապատճառը չի առաջանում դատարկ տեղում, ոչնչից: Այն ոչ այլ ինչ է, եթե ոչ արդիականացված պահանջմունք: Ուստի, մարդկային վարքագծի պատճառների ուսումնասիրությունը պետք է սկսել հենց պահանջմունքներից, չնայած պահանջմունքներն էլ դատարկ տեղում չեն առաջանում, այլ հանդիսանում են մարդու գործունեության արդյունք, այն հասարակական հարաբերությունների ընդհանրացում, որոնցում գործում է մարդը:
Շարունակելի…

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել