«Սասնա Ծռերի» խմբավորման վիրավորված անդամ Աշոտ Պետրոսյանի իրավունքների պաշտպան Արայիկ Պապիկյանը մինչև հիմա փորձում է տեսակցել իր պաշտպանյալին, ծանոթանալ քրեական գործին, սակայն նրան ամեն կերպ խոչընդոտում են․ «Կեսօրից առ այս պահն ինձ և իմ գործընկերոջը ապօրինի խոչընդոտում են ներգրավվել գործում, սակայն հանրային պաշտպան են բերել, ներգրավվել, մինչդեռ մենք ունենք բոլոր պատշաճ փաստաթղթերը, որ ներգրավվենք։ ՄԻՊ երկու անգամ ահազանգել ենք»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը։
Նշենք, որ այսօր լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, որ Աշոտ Պետրոսյանը կալանավորվել է․ «Ես պաշտոնապես չեմ կարող ասել, որ կալանավորված է, որովհետև որոշումը չեմ տեսել։ Չեմ հասկանում, թե ինչու են նման գործելաոճ որդեգրել, եթե հնարավորություն կար հանրային պաշտպան ներգրավվել, ապա դրանից մի քանի ժամ առաջ ես և մյուս փաստաբանն արդեն այնտեղ էինք, բոլորին հայտնել ենք, որ ցանկանում ենք ներգրավվել, հիվանդասենյակից մի քանի քայլ այն կողմ ենք եղել, բայց ոչ մի արձագանք իրավապահների կողմից»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ հիվանդանոցում, որտեղ տեղափոխել են վիրավորված անձին, դեմ չեն եղել, որպեսզի փաստաբաններն ու հարազատները տեսակցեն վերջինիս, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել։
Պարոն Պապիկյանը նաև հայտնեց՝ րոպեներ առաջ իմացել է, որ հիվանդանոցը այլևս ոստիկանական հսկողության տակ չի, ենթադրում է, որ Աշոտ Պետրոսյանին տեղափոխել են այլ բուժհաստատություն, բայց թե՝ ուր, գաղափար չունի, ոչ ոք փաստաբանին տեղեկատվություն չի տրամադրում։
Իրավաբան.net