Լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները պահանջ են ներկայացրել ոստիկանությանն ու դատախազությանը

Մի խումբ լրագրողական կազմակերպություններ ոստիկանությանը հիշեցրել են նախորդ տարի իրավապահների կողմից լրագրողների նկատմամբ իրականացրած բռնության դեպքերի մասին, նրանք նաև անդրադարձել են վերջին օրերի ընթացքում լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններին։ Հայտարարության մեջ կազմակերպությունները պահանջել են բացահայտել դեպքերն ու պատժել լրագրողական գործունեությունը խոչընդոտած անձանց։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Հուլիսի 21-ին՝ 03։00-03։30-ի սահմաններում, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում, օրինական մասնագիտական գործունեությունն իրականացնելիս մի քանի անձանց կողմից  ծեծի է ենթարկվել Iravaban.net կայքի լրագրող Գևորգ Թոսունյանը։ Նա գնացել էր մայրաքաղաքի Խորենացի փողոցում գտնվող ոստիկանության Պարեկապահակային ծառայություն գնդի գրավման հետ կապված՝ ցուցարարների և իրավապահ մարմինների գործողությունները լուսաբանելու։

Մասնավորապես,  լրագրողը նկարահանել է դրվագ, երբ միմյանց վրա քարեր են նետել ակտիվիստները և մի խումբ քաղաքացիական հագուստով անձինք, Գևորգ Թոսունյանի ենթադրությամբ՝ ոստիկաններ։ Վերջիններս, նկատելով, որ իրենց նկարահանում են, հարձակվել են լրագրողի վրա, քաշքշել են նրան, բազմաթիվ հարվածներ հասցրել, այնուհետև բռնությամբ վերցրել տեսախցիկի հիշողության քարտը։ Կատարվածի առնչությամբ Գևորգ Թոսունյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։

Այս միջադեպից երկու օր առաջ՝ հուլիսի 18-ին, նույն իրադարձությունները լուսաբանելիս համազգեստավոր ոստիկանը միտումնավոր հարվածել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Արտակ Համբարձումյանին։ Երբ լրագրողն այդ մասին տեղեկացրել է դեպքի վայրում գտնվող բարձրաստիճան սպային՝ նա ցինիկաբար պատասխանել է, որ նման բան չի եղել։

Իրադարձությունների առաջին օրը՝ հուլիսի 17-ին, Ազատության հրապարակում ընթացող հավաքը լուսաբանող 4news.am կայքի թղթակից Արթուր Հայրապետյանին լկտիաբար հայհոյող և ոտքով հարվածող ոստիկանը նույնպես հերքում էր, որ ապօրինի ուժ չի կիրառում լրագրողի նկատմամբ՝ զուգահեռ շարունակելով բռնությունը։ Ոստիկանը խլել է լրագրողի հեռախոսը, որը վերադարձվել է նկարահանումները ջնջած վիճակում միայն։

Նկարահանած կադրերը ոչնչացնելու մասին հաղորդել է նաև Lragir.am կայքի թղթակից Թեհմինե Ենոքյանը, որի աշխատանքը նույնպես խոչընդոտվել է։

Մենք՝ ներքոստորագրյալներս,  արտահայտելով մեր վրդովմունքը լրագրողների նկատմամբ հերթական անգամ կիրառվող ապօրինի բռնությունների առնչությամբ,  և հիշեցնելով, որ չեն մոռացվել 2015 թ. հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ իրականացված վայրագությունները, պահանջում ենք.

– ՀՀ ոստիկանությունից՝ անհապաղ դադարեցնել ոչնչով չարդարացված բիրտ ուժի կիրառումը և տարատեսակ խոչընդոտումները մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողների և օպերատորների նկատմամբ, երկրի համար այս օրհասական պահին էլ ավելի չլարել իրավիճակը, բարենպաստ պայմաններ ստեղծել հասարակական կարևորագույն նշանակություն ունեցող իրադարձությունները պատշաճ լուսաբանելու համար։

–  ՀՀ դատախազությունից՝ ԶԼՄ-ների հրապարակումների, ինչպես նաև սույն հայտարարության փաստերի հիման վրա քրեական գործ հարուցել ոստիկանների կողմից լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու և ապօրինի ուժ կիրառելու փաստերով։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Երևանի մամուլի ակումբ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Լրագրողների «Ասպարեզ» ակումբ
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ
Գորիսի մամուլի ակումբ
Հանրային լրագրության ակումբ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել