Մեզ համար եթե երրորդ տարբերակը ընդունելի լինի, ապա այդ երրորդ տարբերակը կլինի, եթե ոչ, ապա մենք չենք ենթարկվի…

Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գնդում իրավիճակը շարունակում է նույնը մնալ. այս պահի դրությամբ պատանդ են վերցված հինգ ոստիկան, նրանց թվում են ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Իրավաբան.net-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» փոխանախագահ Վարուժան Ավետիսյանը, ով այս պահի դրությամբ գտնվում է իրենց կողմից գրավված ոստիկանության գնդի տարածքում, հայտնեց, որ իշխանությունների հետ բանակցում է Ժիրայր Սեֆիլյանը և առաջարկել է լուծման «3-րդ տարբերակ` առանց ցնցումների»:

Թե խոսքը ի՞նչ տարբերակի մասին է, Վարուժան Ավետիսյանն ասաց. «Մանրամասներին տեղյակ չենք` զուտ ֆիզիկապես  հեռու լինելու և կապ չունենալու հետ կապված: …Մեզ համար եթե երրորդ տարբերակը ընդունելի լինի, ապա այդ երրորդ տարբերակը  կլինի, եթե ոչ, ապա մենք չենք ենթարկվի…»,- Վարուժան Ավետիսյանը նշեց նաև, որ առաջարկվող տարբերակը ենթադրում է առանց բռնությունների լուծում:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք քննարկվում է լուծման այն տարբերակը, որ իրենք որպես քաղաքական ապաստան խնդրեն մեկ այլ երկրից և հեռանան, Վարուժան Ավետիսյանը բացասական պատասխան տվեց:

Իսկ թե ինչու՞ են պատանդ վերցվել Վարդան Եղիազարյանն ու Վալերի Օսիպյանը, նա պատասխանեց. «Եկան բանակցելու ու թույլ չտվեցինք, որ գնան: Եկել էին բանակցելու, որ հանձնվենք, չէ՞: Մեզ համար իրենք ռեժիմի ներկայացուցիչներ են և ռեժիմն էլ մեր ժողովրդի թշնամին է: Մենք այդ մարդկանց նկատմամբ անձնական ոչինչ չունենք: Մենք նրանց շատ հարգանքով ենք վերաբերվում, շատ մարդկային, իրենք էլ  մեր նկատմամբ, բայց .. այդ մարդիկ ներկայացնում են հայ ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցավոր ռեժիմին»:

Իսկ հարցին, թե հնարավոր է բանակցությունների գա անձամբ ոստիկանապետն ու նա էլ պատանդ վերցվի, Վարուժան Ավետիսյանն ասաց. «Եթե ներս է մտնում, ու ասում` եկեք հանձվեց…Չգիտեմ, կախված է իրավիճակից»:

Թե ե՞րբ կհանգուցալուծվի իրավիճակը, Վարուժան Ավետիսյանն ասաց, որ դեռևս ոչինչ ասել չեն կարող, քանի որ բանակցություններին իրենք չեն մասնակցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել