Դատական ակտերի հարկադիր կատարողի, ինչպես նաև այլ անձանց կողմից Եղիշե Խ.-ին սպանելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքումձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա որոշումներ են կայացվել Արտաշես Չ.-ին և Արարատ Ն.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը և հայտարարվել էր հետախուզում:Վերջիններս 2016թ. հունիսի 12-ին՝ ժամը 4:00-ին, ինքնակամ ներկայացել են ՀՀ ոստիկանություն: Այնուհետև դատարանի կողմից արդեն իսկ կայացված խափանման միջոցի հետագա կիրառման օրինաչափությունն ապահովելու նպատակով, մեղադրյալները ներկայացվել են դատարան, և վերջիններիս նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը չի փոփոխվել: Հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Խաչիկ Կ.-ն, Արտաշես Չ.-ն, Արարատ Ն.-ն և ինքնությունները չպարզված այլ անձինք Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի մոտակայքում Եղիշե Խ.-ին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, խուլիգանական դրդումներով, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով, ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել վերջինիս կենսական նշանակություն ունեցող օրգանի՝ գլխի, ինչպես նաև կրծքավանդակի և որովայնի շրջաններում, պատճառել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և ապօրինաբար Եղիշե Խ.-ին դիտավորությամբ զրկել են կյանքից:
Հիշեցնենք նաև, որ նույն քրեական գործի շրջանակներում Խաչիկ Կ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով և վերջինս ավելի վաղ կալանավորվել էր:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: