Ինչպես արդեն իսկ հայտնել ենք, այսօր ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնում ծեծի է ենթարկվել ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը: Դեպքին ականատես է եղել «Սիվիլնեթ» լրատվական կայքի լրագրող Դերենիկ Մախասյանը: Վերջինս Իրավաբան.net-ին հայտնեց, որ պատգամավորի ծեծին և առևանգմանը մասնակցել է շուրջ 8 հոգի: Նրանց մեջ եղել են զինվորական հագուստներով անձիք, սակայն չի կարող պնդել, թե նրանք զինվորականներ են եղել:
Ծեծել են, մտցրել ավտոմեքենան ու հեռացել: Դերենիկ Մալխասյանի խոսքով, դեպքի վայրում արյան հետքեր են եղել, գտնվել է Հայկի կոստյումը՝ նույնպես արյունոտ վիճակում:
Լրագրող Դերենիկ Մալխասյանը փորձել է հեռախոսով տեսանկարահանել կատարվածը, սակայն հավաքվածներից մոտեցել են, ձեռքերն ոլորել, չեն թողել տեղաշարժվի: Իսկ երբ փորձել է ավելի հեռվից նկարահանել, ձեռքից վերցրել են հեռախոսը, անպարակեշտ խոսքեր ու սպառնալիքներ տվել, հեռացել:
Մեզ հետ զրույցում լրագրողն ասաց, որ շուրջ երկու ժամ առաջ մոտեցել է ԼՂՀ վարչապետին, ներկայացրել, որ խոչընդոտում են իրենց մասնագիտական աշխատանքին, հեռախոսն են վերցրել ձեռքից: Ասել է, թե հրահանգ կա գտնելու և այն վերադարձնելու: Որոշ ժամանակ հետո էլ հայտնել են, թե հեռախոսը գտնվել է, սակայն մինչ այս պահը այն չի վերադարձվել: