Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի տրանսպորտային միջոցներ վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Ուժը կորցրած վարորդական վկայականով կամ ուժը կորցրած այլ փաստաթղթերով տրանսպորտային միջոցներ վարելը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ երկրի վարորդական վկայականով տրանսպորտային միջոց վարելը, ինչպես նաև օտարերկրացու կողմից Հայաստանի Հանրապետությունում չգործող (ՄԱԿ-ի 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի պահանջները չբավարարող) վարորդական վկայականով տրանսպորտային միջոց վարելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցների վարումն այդ իրավունքը չունեցող անձին հանձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Սույն տեքստում այլ փաստաթղթեր ասելով պետք է հասկանալ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը, մաքսային փաստաթղթերը, վարորդական վկայականում նշված դեպքերում` նաև բժշկական տեղեկանքը և այլն, որոնք չեն ներառում լիազորագիրը, ուղեգիրը, բեռնաուղեգիրը:
Օրենսգրքի իմաստով անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող, եթե նա սահմանված կարգով չի ստացել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական կամ սահմանված կարգով ստացել է վարորդական վկայական, սակայն օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից և զրկման ժամկետը լրանալուց հետո սահմանված կարգով չի վերականգնել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը, բացառությամբ ուսումնական վարման դեպքերի:
Անձը համարվում է առանց վարորդական վկայականի, եթե նա ունի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, սակայն վարելու ընթացքում իր մոտ չունի վարորդական վկայական:
Առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի տրանսպորտային միջոցներ վարելու դեպքում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտում կատարած անձին իրազեկում է վարորդական վկայականը կամ այլ փաստաթուղթն իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնելու դեպքում վարչական պատասխանատվությունից կամ վարչական տույժը կատարելու պարտականությունից ազատվելու հնարավորության մասին: Անձը վարչական պատասխանատվության չի ենթարկվում, իսկ վարչական տույժ նշանակված լինելու դեպքում անձն ազատվում է այն կատարելու պարտականությունից, եթե իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում լիազորված մարմին (պաշտոնատար անձին) է ներկայացնում վարորդական վկայականը կամ այլ փաստաթուղթ:
Այնպիսի խախտում կատարելու դեպքում, որի համար օրենսգրքին համապատասխան կարող է վարչական տույժ նշանակվել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու ձևով, վարորդից վերցվում է վարորդական վկայականը մինչև գործի վերաբերյալ որոշում կայացնելը և տրվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ժամանակավոր թույլտվություն, որի մասին նշում է արվում իրավախախտումների վերաբերյալ արձանագրության մեջ: Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու որոշում կայացնելու դեպքում վարորդական վկայականը չի վերադարձվում, իսկ ժամանակավոր թույլտվության գործողությունը երկարաձգվում է մինչև գանգատարկման համար սահմանված ժամկետի լրանալը, կամ գանգատի առթիվ որոշման ընդունումը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123, 1231, 1233 հոդվածներով, 1234 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 1235, 123.6, 123.7, 124, 1241, 1242, 1243, 1244, 1245, 1246, 125, 126 և 129.2 հոդվածներով նախատեսված իրավախախտում կատարած Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող անձանց վարորդական վկայականները վերցվում են մինչև գործով կայացված որոշման կատարումը: