Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություններ են տարածվել այն մասին, որ «Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտ» (ՄԻԺԻ) հասարակական կազմակերպության ղեկավար Արմինե Առաքելյանը «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում ենթարկվել է խոշտանգման եւ վատ վերաբերմունքի այլ ձեւերի: Այս մասին հրապարակային աղբյուրներով տեղեկություններ է ներկայացրել նաեւ Արմինե Առաքելյանը: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
Այդ հրապարակումների մանրամասն ուսումնասիրության հիման վրա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ:
Քննարկման ընթացակարգի շրջանակներում Պաշտպանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով սեղմ ժամկետում քննարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարույթ նախաձեռնելու հարցը:
Նշվածի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով համապատասխան գրություն է ուղարկվել նաեւ Առողջապահության նախարարին: