Որ մտածում եմ ոտքերս չկան, անկախ ինձանից արցունք եմ թափում…

«Որ մտածում եմ ոտքերս չկան, անկախ ինձանից արցունք եմ թափում… Դե հիմի էս ա, ճակատիս էս ա գրած»,- պատմում է 54-ամյա Գառնիկ Հակոբյանը: Այնթափ գյուղի հին ու փոքր տան մեջ Գառնիկն ապրում է մոր հետ՝ 84-ամյա և նույնպես հաշմանադամություն ունեցող կնոջ հետ, ով որդու խնամքի կարիքն ունի:

Հաշամանդամություն ձեռքբերելուց հետո բարեկարգ տնից տեղափոխվել են ցածրահարկ, աստիճաններ չունեցող տնակը. այստեղ ցուրտ է, պայմանները լավը չեն, բայց հեշտությամբ են ելումուտ անում:

Մինչ 2011 թվականի դեկտեմբերը Գառնիկը բավականին լավ էր վաստակում. խեցգետին էր որսում, վաճառում: Ձմռանը ոտքերը ցրտահարվել են, չիմացությամբ տաք ջրով փորձել էր բուժել, ու ավելի մեծ խնդրի առջև էր կանգնել: Դեկտեմբերին բժշկական միջամտությամբ նրա ոտքերը անդամահատվել են:

Գառնիկը ևս երկու անգամ վիրահատվել է՝ անդամահատությունից հետո առաջ եկած ցավերն ավելի մեղմելու նպատակով: Վերջին վիրահատությունից հետո  սակայն առողջական վիճակը սկսել է ավելի անհանգստացնել իրեն: Պատմում է, որ մինչ վերջին վիրահատությունը կարողանում էր շշեր հավաքել-հանձնել ու օրվա հացի փողը վաստակել: Այժմ չի կարողանում, ոտքերը դողում են, հենակներով տեղաշարժվում է մեծ դժվարությամբ: Տնից դուրս գալ չի կարողանում:

Հաշմանադամություն ձեռքբերելուց հետո Գառնիկը ֆիզիկական ու հոգեկան ցավերը մեղմելու համար սկսել է ավելի շատ ծխել. ասում է, թե թոշակը ծխախոտին էլ չի հերիքում: Ապրում են իր ստացած 41 հազար և մոր՝ 37 հազար դրամ թոշակով: Երկու հաշմանդամ անձանց համար այս գումարը չնչին է:

Գառնիկը թեև դժգոհ է վերջին վիրահատությունից, սակայն որևէ բժշկի դեմ բողոքել չի ուզում: Երբ օգնության խնդրանքով դիմել է մի քանի կառույցների՝ խորհուրդ են տվել ոստիկանություն դիմել. «Ես ոչ մեկի դեմ չեմ բողոքում: Ես մենակ ուզում եմ, որ կարողանամ աշխատել, ապրել»:

Ասում է, որ ևս մեկ վիրահատության կարիք ունի, ևս մեկ վիրահատությունը հնարավորություն կտա առավել հեշտությամբ տեղաշարժվել: Իսկ վիրահատության համար բավարար միջոցներ չկան: Հույսը՝  առողջապահության ոլորտի պատասխանատուների բարեխղճությունն է:

Աստղիկ Կարապետյան
Ալեքսանդր Սարգսյան

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել