ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ`ժամկետային զինծառայող, սերժանտ Հակոբ Գևորգյանի սպանության բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, որի արդյունքում բացահայտվել է մեկ այլ հանցագործություն։
2016թ. մայիսի 25-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի բուժկետ է ընդունվել ժամկետային զինծառայող, սերժանտ Հակոբ Արայիկի Գևորգյանը՝ «կրծքավանդակի առաջային պատի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ: Վերջինս, «Մեղրու ԲԿ» տեղափոխվելու ճանապարհին՝ ժամը 15:55-ի սահմաններում, մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է քննչական խումբ։
Նախնական քննության տվյալներով՝ դեպքի օրը տեղի է ունեցել վիճաբանություն մի քանի զինծառայողի միջև, որը վերածվել է ծեծկռտուքի։ Նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ նշված միջադեպի ժամանակ ժամկետային զինծառայող Գ.Կոսոբոգլյանը ձեռքերով, ոտքերով հարվածներ է հասցրել Հ.Գևորգյանի մարմնի տարբեր մասերին, իր մոտ գտնվող սուր կտրող -ծակող գործիքով հարվածել նրա կրծքավանդակի ձախ հատվածին, ապա մարմնական վնասվածք պատճառել մեկ այլ զինծառայողի՝ շարքային Ա.Կարապետյանին։
Ապացույցների հիման վրա՝ Գ.Կոսոբոգլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Քննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրվել նաև Գ.Կոսոբոգլյանի նկատմամբ։ Նրան ծեծելու կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի մեկ այլ ժամկետային զինծառայող՝ ավագ սերժանտ Ս.Կարապետյանը։
Նախաքննությունը շարունակվում է։
Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net