Մայիսի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը՝ նվիրված զինված ուժերի թիկունքային և բժշկական ապահովման խնդիրներին:
Նիստի ընթացքում հնչած զեկույցներում ընդգծվել է, որ հաշվետու ժամանակահատվածում զինված ուժերի թիկունքային և բժշկական ապահովման խնդիրներն իրականացվել են պատշաճ մակարդակով: Գերակա խնդիր է համարվել զինանձնակազմի մարտունակության և պատրաստվածության բարձր վիճակի ապահովումը: Խիստ հսկողություն է սահմանվել զինված ուժերում նյութական միջոցների ստացման ու պահպանման, անձնակազմին որակյալ հանդերձանքի ու սննդամթերքի մատակարարման կազմակերպման, զորքերի մշտական տեղակայման վայրերում և մարտական հերթապահության ընթացքում զինանձնակազմի կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման նկատմամբ: Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել բուժկանխարգելիչ աշխատանքների իրականացումն ու ռազմաբժշկական ծառայության ներուժի կատարելագործումը:
Կոլեգիայի նիստում վերլուծվել են նաև ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին ցուցաբերված բուժօգնության միջոցառումները: Մատնանշվել է, որ բուժանձնակազմի ներդաշնակ և օպերատիվ գործողությունների շնորհիվ ժամանակին և պատշաճ մակարդակով կատարվել են մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողների տարհանման, բուժօգնություն ցուցաբերման աշխատանքները:
Ամփոփելով Կոլեգիայի նիստի աշխատանքները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինված ուժերի մարտունակության առավել բարձրացման առումով կարևորել է զինանձնակազմի թիկունքային և բժշկական ապահովման աշխատանքների առավել բարելավման անհրաժեշտությունը: Քննարկումների արդյունքում առաջիկա անելիքների վերաբերյալ առաջադրվել են նաև որոշակի խնդիրներ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից: