Մեղադրանքներ են առաջադրվել՝ նախարարության բակային հատվածում մի խումբ քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու համար

ՀՀ  քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում՝ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի ունեցած վիճաբանության բոլոր հանգամանքները, մասնակիցների շրջանակը, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։ Հայտնում են Քննչական կոմիտեից:

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում բռնություն է գործադրվել 5 անձի նկատմամբ՝ պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ՝ վնասվածքների ծանրության աստիճանը պարզելու համար։ Ստացվել է տուժողներից մեկի՝ Հ.Պետրոսյանի նկատմամբ նշանակված փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝  նրան պատճառված վնասվածքները գնահատվել են ծանր՝ կյանքին վտանգ սպառնացող։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վիճաբանության շարժառիթը, կիրառված բռնությանը մասնակցություն ունեցած 6 անձի ինքնությունը, անհատականացվել նրանց գործողությունները։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 4 անձի ՝ Ա.Կարախանյանին, Ս.Վարդանյանին, Վ.Սարգսյանին եւ Հ.Շմոյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով  մայիսի 21-ին ձերբակալվել է Վ.Մկրտչյանը: Որոշում կայացվել ևս մեկ անձի՝ Ա.Կարախանյանին, ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել