Փաստաբան Գարիկ Գալիկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ և գրառում արել այն մասին, որ Լեհաստանում վաճառքի է հանված ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով արտադրված սննդամթերք, որը վաճառքի ենթակա չէ: Փաստաբանը գրում է.
«Ընկերներիցս մեկը մի բան գրեց, որը չեմ կարողանում մարսեմ: Փաստորեն, իմ 8 տարեկան երեխան իր բուֆետի փողը հավաքում է, որ սնունդ ու անհրաժեշտ պարագաներ ուղարկի զինվորներին, շատ մարդիկ իրենց վերջին լուման են դնում, որ ինչ-որ կերպ աջակից լինեն սահմանին կանգնած զինվորներին, ու բանից պարզվում է, որ Լեհաստանի Bielsko Biala քաղաքի խանութներից մեկում վաճառվում են պահածոներ, որոնց պիտակների վրա հայերեն տառերով գրված է՝ վաճառքի ենթակա չեն և համարվում են զինվորի բաժին, իսկ պատվիրատուն ՀՀ պաշտպանության նախարարությունն է: Ի դեպ, աշխատողը, իմանալով, որ ընկերս հայ է, խնդրել է թարգմանել պիտակի վրայի գրածը»:
«Ի դեպ, ասացին, որ այս ամենը զինվորական համազգեստի հետ միասին արժի 500 զլոտի, այսինքն՝ 160 դոլար: Խնդրում եմ համապատասխան կառույցներին, այս ամենը տեսնելով, կատարել համապատասխան ուսումնասիրություն»:
Հավելենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է այս տեղեկությանը՝ նշելով, որ այս սնունդը հատկացվում է թե զինվորականներին և կամավորներին: Նա նշել է նաև, որ այս հարցին հետամուտ կլինեն: