Ցավում եմ, որ Կենտրոն դատարանի նախագահը չի ծանոթացել Նախագծին ամբողջապես. Արսեն Մկրտչյան

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը` անդրադարձել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի` Իրավաբան.net-ին տված հարցազրույցի ժամանակ հնչեցրած քննադատությանը: Արսեն Մկրտչյանը գրել է.

«Ցավում եմ, որ Կենտրոն դատարանի նախագահը չի ծանոթացել Նախագծին ամբողջապես։ Մոտ մեկ և կես տարի դատական իշխանության հետ քննարկումների արդյունքում նախագիծը լրամշակվել է, որում տեղ են գտել թե պարզեցված վարույթին վերաբերող, թե բարդ գործերի մասով կանխատեսելի դատարան ունենալուն ուղղված կանոնակարգումներ։ Նախագծի կազմմանը որպես տեղական փորձագետ մասնակցել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներ, ՀՀ պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոսներ։ Այլ ատյանների դատավորները նախագծի բազմաթիվ քննարկումների ժամանակ ներկայացրել են իրենց դիրքորոշումները։ Օրինակ փետրվար ամսվա երկօրյա սեմինար քննարկումն ըստ էության վերաբերում էր առաջին ատյանի դատարանի դատավորի առաջարկներին։ Նախագծի կարգավորումներին անդրադարձ է կատարվել դատավորների վերապատրաստման դասընթացների ժամանակ։ Բոլոր նախագծերը մինչ պաշտոնական շրջառության դրվելը հասանելի են լինում հանրային քննարկումների բաժնում և հուսով եմ Կենտրոն դատարանի նախագահը ժամանակ կգտնի գոնե մեկ անգամ ծանոթանալ որևէ նախագծի և ներկայացնել բովանդակություն ունեցող թեկուզ մեկ նախադասություն»։

Կարդացեք նաև` «Կենտրոն» դատարանի նախագահ. մենք չենք ուզում, որ դատական համակարգը փորձադաշտ լինի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել